ՀՀ բնապահպանության նախարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ բնապահպանության նախարարություն (1991-1995 թվականներին՝ Բնության և շրջակա միջավայրի պահպանություն, 1995-1996 թվականներին՝ Բնության պահպանության և ընդերքի), գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը։ Կազմավորվել է Բնության պահպանության պետական կոմիտեի (1989) հիման վրա (1961-1967 թվականներին՝ Մակերևութային և ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման և պահպանության վարչություն, 1967-1986 թվականներին՝ պետական կոմիտե, 1986-1989 թվականներին՝ Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտե):

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել]

Նախարար

Առաջին տեղակալ՝

  • Սիմոն Պապյան

Տեղակալ՝

  • Խաչիկ Հակոբյան

Հիմնական խնդիրներ[խմբագրել]

Հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի՝ ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուսական աշխարհների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և բնական պաշարների թույլատրելի օգտագործման ու վերարտադրության, միջուկային և ճառագայթային անվտանգության պետական քաղաքականության ու ռազմավարության մշակումը, շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի, հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային և հատուկ դիտարկումների, կանխատեսումների, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը, բնական պաշարների ու դրանց համապատասխան կադաստրների և ռեգիստրների վարումը, ՀՀ բույսերի ու կենդանիների Կարմիր գրքերի վարման կարգի սահմանումը, բնության հուշարձանների հաշվառումը, ջրային պաշարների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի և էկոլոգիական նվազագույն ելքերի սահմանումը, կեղտաջրերի սահմանային թույլատրելի արտահոսքի որակական ու քանակական չափանիշների հաստատումը, մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութերի արտանետումների հաշվառումը և կանոնավորումը, հողերի օգտագործման բնապահպանական չափորոշիչների ու սահմանափակումների սահմանումը և վերահսկումը, ՀՀ տարածքում արտադրվող, օգտագործվող քիմիական նյութերի և առաջացող արտադրական ու սպառման թափոնների ըստ վտանգավորության աստիճանի դասակարգումը և ռեգիստրների վարումը, էկոլոգիական գիտակրթական ռազմավարության հիմնական ուղղությունների մշակումը:

Ունի նորմատիվամեթոդական, միջազգային համագործակցության, շրջակա միջավայրի պահպանության, ընդերքի պահպանության վարչություններ, վտանգավոր նյութերի ու թափոնների կառավարման, օդերևութաբանության և մթնոլորտի աղտոտվածության մոնիտորինգի, բնապահպանության ու բնօգտագործման էկոնոմիկայի բաժիններ, ջրային պաշարների կառավարման, օգտակար հանածոների պաշարների, երկրաբանության, կենսառեսուրսների կառավարման գործակալություններ, բնապահպանական պետական, միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչություններ:

Համաձայնագրեր[խմբագրել]

Մշակվել են բնապահպանական ոլորտը կանոնակարգող համաձայնագրեր, իրավական ակտերի նախագծեր: Իրականացվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումներ՝ ձկնային պաշարների համալրում, սիգի ու խեցգետնի պոպուլացիաների վիճակի գնահատում, արդյունագործական պաշարների և արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների որոշում: Սևան ազգային պարկում ավարտվել են տարածագործառնական գոտիավորման աշխատանքները: Իրագործվել են բուսական և կենդանական պաշարների հաշվառում և գույքագրում, բնության հատուկ պահպանվող տարածքներում գիտական ուսումնասիրություններ: Բնապահպանության ոլորտում զարգանում է նաև միջազգային համագործակցությունը: 2006 թվականին Վանաձորում, Կապանում, Իջևանում, Գորիսում ստեղծվել են բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուսի) կենտրոններ:

Աղբյուր[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png