Կրետե-Միկենյան մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Morosini Fountain in Heracleion, Crete island, Greece 001.jpg
Fourni 09.jpg
NAMA Faïence models of Minoan civilization.JPG
Morosini Fountain in Heracleion, Crete island, Greece 002.jpg
Spinalonga.jpeg
View from the ruined fortifications at the highest point of the island of Spinalonga, Crete..jpg
Island of Crete, Greece.JPG

Կրետե-Միկենյան մշակույթ, Էգեյան մշակույթ, Կրետե կղզու, Էգեյան ծովի կղզիների, մայրցամաքային Հունաստանի, Փոքր Ասիայի (Անատոլիայի բրոնզի դարին (մ.թ.ա. III-II հազարամյակներ) պատկանող քաղաքակրթությունների ընդհանուր անվանումը։ Գլխավոր կենտրոնները հայտնաբերվել են Հենրիխ Շլիմանի՝ Միկենքում (1876), Արթուր էվանսի՝ Կրետե կղզում (1891) «Արքա-քուրմ», Կնոսոսի պալատի երանգավորված ռելիեֆը (մ.թ.ա. II հազարամյակի կես) կատարած պեղումներով։ Սկսած XIX դարից հետազոտվել է մի քանի հարյուր հուշարձան՝ գերեզմաններ, բնակավայրեր, խոշոր քաղաքներ (Լեմնոս կղզու վրա՝ 5 մ բարձրությամբ որմերով Պոլիոքնին, Միլոս կղզու վրա՝ Փիլակոփին, Տրոյայի թագավորական նստավայրերը, Կրետեի պալատները՝ Կնոսոսում, Մալիայում, Փեստոսում, Միկենքի ակրոպոլիսը և այլն)։ Կրետե-Միկենյան մշակույթը անհամաչափ է զարգացել. նրա կենտրոնների ծաղկումն ու անկումը կատարվել է տարբեր ժամանակաշրջաններում։ Մ.թ.ա. III հազարամյակում գոյացել են հասարակական շենքերի և տաճարների առկայությամբ, աշտարակներով ու բաստիոններով ամրացված քաղաքներ արևմտյան Անատոլիայում, պաշտպանական կառույցներով բնակավայրեր մայրցամաքային Հունաստանում։ Կրետեում ամրոցներ չեն հայտնաբերվել նույնիսկ մ.թ.ա. II հազարամյակից։ Կրետե-Միկենյան մշակույթում առանձնանում են ըստ տեղանքի հնագիտական մշակույթներ (քաղաքակրթություններ)՝ թեսալական, մակեդոնական, արևմտաանատոլական, հելլադական, կիկլադյան, մինոսյան, որոնք ընդունված է ստորաբաժանել երեք հիմնական ժամանակաշրջանի՝ վաղ, միջին և ուշ, սրանք իրենց հերթին՝ երեք ենթաժամանակաշրջանի՝ I, II, III (օրինակ, վաղ մինոսյան I, միջին թեսալական III և այլն)։ Նրա կազմավորումը եղել է երկարատև և բարդ։ Արևմտյան Անատոլիայի և միջին Հունաստանի մշակույթները առաջացել են՝ հիմք ունենալով տեղական նեոլիթը, Էգեյան ծովի արևելյան մասի կղզիներում գերակշռել է Տրոյայի մշակույթի ազդեցությունը։ Մ.թ.ա. մոտ 2300 թվականին Պելոպոնեսն ու հյուսիս-արևմտյան Անատոլիան ենթարկվել են թշնամական հարձակման։ Եկվորների ազդեցության ներքո մ.թ.ա. II հազարամյակի սկզբներին փոիոխություն է կրել մայրցամաքային Հունաստանի, Տրոյայի և մի քանի կղզիների նյութական մշակույթը։ Հարձակումից զերծ Կրետեում շարունակել է զարգանալ Մինոսյան մշակույթը (մ.թ.ա. II հազարամյակում ծագել է մեհենագիրը, մ.թ.ա. 1600 թվականից՝ «Ա» գծային գիրը)։ Ելնելով նյութական մշակույթի (խեցեղեն, մետաղյա իրեր և այլն) որոշակի միաոճությունից՝ եզրակացվում է, որ Միջին բրոնզի դարը (մ.թ.ա. II հազարամյակի I կես) Կրետե-Միկենյան մշակույթի առավել համախմբման ժամանակաշրջանն է։ Մ.թ.ա. մոտ 1600 թվականին այլ ցեղերի (հավանաբար՝ աքայացիների, որոնց զինվորները կիրառել են մարտակառքեր) ներխուժումը մայրցամաքային Հունաստան հիմք հանդիսացավ հին կենտրոններ Միկենքի, Տիրինթոսի, Օրքոմենոսի շուրջը, այսպես կոչված, միկենյան ժամանակաշրջանի ոչ մեծ պետությունների առաջացման համար։ Մ.թ.ա. մոտ 1470 թվականին նրա որոշ կենտրոններ, հատկապես Կրետեն, տուժել են Սանտորին հրաբխի ժայթքումից։ Այնուհետև Կրետեում հայտնվել է աքայական (միկենյան) բնակչությունը, որն իր հետ բերել է նոր մշակույթ և «Բ» գծային գիրը։ Մ.թ.ա. XIII դարի վերջին այն խորը ներքին ճգնաժամ է ապրել, միաժամանակ դորիացիների և «ծովի ժողովուրդների» արշավները այն հասցրել են անկման։ Կրետե-միկենյան կամ Էգեյան արվեստի զարգացման ընթացքում առաջատար դերը Էգեյան աշխարհի մի մասից անցել է մյուսին, կազմավորվել են տեղային ոճեր։ Բնութագրական են Հին Եգիպտոսի, Ասորիքի, Փյունիկիայի հետ փոխադարձ կապերը։ Համեմատած Հին Արևելքի գեղարվեստական մշակույթների հետ, Էգեյան արվեստը բնույթով ավելի աշխարհիկ է։ Մ.թ.ա. III հազարամյակի հուշարձաններից աչքի են ընկնում կիկլադյան դամբարաններում պեղված պլաստիկան, «կիկլադյան կուռքերը», որոնք երկրաչափականացված, լակոնիկ, մոնումենտալ ձևերով մարմարյա արձանիկներ, գլուխներ կամ արձանների ֆրագմենտներ են, մերկ կանանց արձանիկներ։ Մ.թ.ա. մոտ XXIII դարից մշակութային առաջատար կենտրոն է դարձել Կրետեն, որը ծաղկում է ապրել մ.թ.ա. II հազարամյակի I կեսին՝ իր արվեստի ազդեցությունը տարածելով Կիկլադես կղզիներում և մայրցամաքային Հունաստանում։ Կրետական ճարտարապետների բարձրագույն նվաճումն են պալատները (բացվել են Կնոսոսում, Փեստոսում, Մալլիայում, Կատո Զաքրոյում), որոնցում լայնարձակ հարթությունների (բակերի), 2-3-հարկանի շենքերի, լուսիջույց հորերի, պանդուսների, աստիճանների համադրվածքը ստեղծում էր անընդհատ փոփոխվող տպավորություններով լեցուն գեղարվեստական կերպար։ Կրետեում ստեղծվել է դեպի վերը լայնացող սյան յուրօրինակ տիպ։ Կրետեի կերպարվեստում և դեկորատիվ-կիրառական արվեստում օրնամենտալ դեկորատիվ ոճը մ.թ.ա. XVII-XVI դարերին փոխարինել է մարդու, կենդանական և բուսական աշխարհի կերպարների ավելի որոշակի, անմիջական պատկերումով։ Մ.թ.ա. XV դարի վերջին աճել է պայմանականությունը, ոճավորումը։ Մ.թ.ա. XVII-XIII դարերը աքայական Հունաստանի արվեստի բարձր ծաղկման ժամանակաշրջանն են։ Քաղաք-ամրոցները (Միկենք, Տիրին) կառուցվում էին բլուրների վրա, այսպես կոչված, կիկլոպյան շարի (մոտ 12 տոննա կշռող քարաբեկորներից) հզոր պարիսպներով, երկմակարդակ հատակագծումով՝ ստորին քաղաքը (շրջակայքի բնակչության ապաստարանը) և ակրոպոլիսը (կառավարչի պալատով)։ Պալատներն ու տները, ինչպես Կրետեում, կառուցվում էին հում աղյուսից, փայտյա կապերով, քարե ցոկոլի վրա։ Կազմավորվում է մեգարոնը՝ սյունասրահով ուղղանկյուն շենքի տիպը, որը Հին Հունաստանի «անտավոր տաճարի» նախատիպարն էր։ Ուշագրավ են բոլորաձև հատակագծով, կեղծ թաղածածկ դրոմոսով (դամբարանի ներսը տանող նեղ, երկար միջանցք) կեղծ գմբեթավոր դամբարանները (Ատրևսի դամբարանը Միկենքում, մ.թ.ա. XIV-XIII դարեր)։ Աքայական Հունաստանի կերպարվեստն ու դեկորատիվ-կիրառական արվեստը, հատկապես մ.թ.ա. XVII-XVI դարերին, մեծապես ազդվել է Կրետեի արվեստից (Միկենքի «հորանման դամբարաններից» պեղված ոսկյա և արծաթյա իրերը)։ Տեղական ոճին բնութագրական է ձևերի ընդհանրացումն ու լակոնիկությունը («հորանման դամբարանների» հուշասյուների ռելիեֆները, հուղարկավորման դիմակները, որոշ անոթներ՝ «Նեստորի գավաթը»)։ Մ.թ.ա. XV-XIII դարերի արվեստը, ինչպես և կրետականը, մեծ ուշադրություն է դարձրել մարդուն ու բնությանը՝ ձգտելով կայուն սիմետրիկ ձևերի և ընդհանրացման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png