Կրակապաշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրակապաշտություն, կրակի՝ իբրև «գերբնական» տարերքի երկրպագում, աստվածացում։ Ծագել է հնագույն ժամանակներում՝ կրակի, երկնային շանթի, հրաբուխների, հրդեհների հանդեպ նախնադարյան մարդու երկյուղի, նրա կյանքում կրակի ունեցած վիթխարի նշանակության, ինչպես նաև կրակի ստացման ու պահպանման դժվարությունների ազդեցությամբ։ Այստեղից էլ առաջացել են տան օջախի պաշտամունքը, կրակն ապականելու արգելքները։ Կրակապաշտությունը սերտորեն խարսխվել է արևի (որպես հրո և լույսի գերագույն աղբյուր) պաշտամունքին։ Կրակապաշտությունը և արևապաշտությունը անհիշելի ժամանակներից տարածված ու արմատավորված են եղել Հայաստանում: Ըստ Մովսես Խորենացու, սրբազան «արամազդական հուրը» («արեգակնային կրակը») անշեջ պահվում էր Հայոց մեհյանում՝ Բագավանդում։ Հին հայերը հուրն ու ջուրը, երկնային շանթն ու անձրևը պաշտել են համատեղ՝ որպես «քույր ու եղբայր»՝ դրանց վերագրելով մաքրագործող սրբազան նշանակություն (մաքրագործական ծես է Տյառնընդառաջի տոնին խարույկի շուրջը պտտվելը, կրակի վրայով թռչելը )։ Պլինիոսը վկայում է, որ Հայոց Տրդատ Ա արքան, մ. թ. 65-ին Հռոմ մեկնելիս, հրապաշտ և ջրապաշտ մոգերի օրենքով հրաժարվեց նավարկելուց և անթույլատրելի համարելով ջրում թքելն ու ծովն ապականելը՝ նախընտրեց ցամաքային ուղին։ Հին պատմագիրներից ոմանք Եդեսիա քաղաքի Ուր կամ Ուրհա անվանումները մեկնաբանում են որպես հուր։ Հին հրեաները Թալմուդում գրում են, որ իրենց ավանդական նախահայր Աբրահամին Նեբրովթը ողջակիզել է այդ քաղաքում, որն այնուհետ կոչվել է Ուր կամ Հուր (եբրայերեն նշանակում է հուր, կրակ)։ Հին հունական դիցաբանության մեջ կրակի հովանի աստվածը համարվում է Հեփեստոսը, հռոմեականում՝ Վեստան։ Պլուտարքոսը վկայում է, որ Վեստայի գլխավոր մեհյանը կառուցված էր Հռոմում՝ երկրագնդի նմանությամբ (բոլորակաձև), որի մեջ զետեղված էր «մշտավառ հուրը»՝ ի նշան «արեգակնային հրո»։ Վեստայի մեհյանը սպասարկել և կրակն անշեջ պահել են կույս քրմուհիները՝ վեսէչուհիները։ Կրակապաշտությունը հատուկ նշանակություն է ստացել զրադաշտականության մեջ։ Քրիստոնեության մեջ կրակապաշտությունը պահպանվել է ծիսական մոմերի ձևով, ինչպես նաև դժոխքի «գեհենի կրակի» մասին հավատքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png