Կուրորտաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուրորտաբանություն, կուրորտոլոգիա (գերմ.՝ Kurort + հին հունարեն՝ λόγος — դասավանդում), բժշկագիտության ճյուղ, ուսումնասիրում է բնական գործոնների բուժիչ հատկությունները, մարդու օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը, օգտագործումը բուժկանխարգելիչ նպատակով և մշակում առողջարանա-բուժավայրային հիմնարկների սոցիալ-հիգիենային պայմանները։

Կուրորտաբանությունը ընդգրկում է բալնեոլոգիան, բալնեոթերապիան, բալնեոտեխնիկան, բուժիչ ցեխերի մասին ուսմունքը (ցեխաբուժություն), կուրորտային կլիմայաբանությունը և կլիմայաբուժությունը (օդա-, արևա-, ծովա- բուժություն), բուժավայրերի պլանավորման, կառուցման և կազմակերպման հարցերը։ Կուրորտաբանությունը սերտորեն առնչվում է ֆիզիոթերապիայի, ինչպես նաև կլիմայաբանության, ֆիզիոլոգիայի, կլինիկական այլ դիսցիպլինների և հիգիենայի հետ։

1926 թվականին, Ն. Սեմաշկոյի նախաձեռնությամբ, Մոսկվայում հիմնվեց Կուրորտաբանության կենտրոնական ինստիտուտը։ 1976 թվականին ԽՍՀՄ-ում գործել է կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի 14 ԳՀԻ։ Կուրորտաբանության հարցերով զբաղվում են նաև ԽՍՀՄ ԲԳԱ և միութենական հանրապետությունների այլ ինստիտուտներում ու լաբորատորիաներում, բժիշկների կատարելագործման ինստիտուտների ամբիոններում և արհմիությունների խոշոր բուժավայրերի հատուկ լաբորատորիաներում։ Կուրորտաբանության բնագավառում գիտական գործունեությունը կոորդինացնում էր կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի կենտրոնական ինստիտուտը, կուրորտաբանների և ֆիզիոթերապևտների համամիութենական գիտական բժշկական ընկերությունը, ԽՍՀՄ ԲԳԱ ընդհանուր միութենական պրոբլեմային հանձնաժողովը։

Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի կենտրոնական ինստիտուտի բազայի վրա, կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի վերաբերյալ գիտական հետազոտությունները համաձայնեցնելու նպատակով սոցիալիստական ճամբարի երկրներում ստեղծվեց կոորդինացիոն կենտրոն։

Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատումից հետո պետության տրամադրության տակ անցած շինությունների մի մասը վերածվեցին առողջարանա-բուժավայրային հիմնարկների։ Ձեռնարկվեցին միջոցառումներ նոր առողջարանների և հանգստյան տների կազմակերպման, դրանց բարեկարգման ու կանաչապատման ուղղությամբ, և սկսվեցին Խորհրդային Հայաստանի տարածքի բուժավայրային պաշարների բազմակողմանի հետազոտությունները։ Հայաստանում կուրորտաբանության հիմնադիրներն են համարվում Լ.Ա.Հովհաննիսյանը, Արտաշես Մելիք-Ադամյանը, Ա.Հ.Հակոբյանը, Սերգեյ Լազարևը, Գևորգ Ղևոնդյանը, Ռուբեն Գյանջեցյանը, Գրիգոր Մեդնիկյանը, Ալեքսանդր Դեմյոխինը։ 1921 թվականին Դիլիջանում հիմնվեց տուբերկուլոզային առողջարան, 1925 թվականին՝ Արզնու սրտաբանական առողջարանը։ 1930 թվականին սկսվեցին Ջերմուկի թերմերի ուսումնասիրությունները, որոնց հիման վրա 1940 թվականին կազմակերպվեց բարձրլեռնային բալնեո-ըմպելային առաջին առողջարանը։ 1930 թվականին Երևանում հիմնվեց կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտը։ 1976 թվականի տվյալներով Հայաստանում գործում էին մեծահասակների՝ 12, մանկական 10 առողջարան, 6 հանգստյան տուն և 10 պրոֆիլակտորիում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 31