Կուրոսիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուրոսիո (ճապոներեն՝ կուրո-սև, սիո-հոսանք), Կուրո-Սիվո, ճապոնական հոսանք, օվկիանոսային տաք հոսանք Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում, Ճապոնիայի հարավային և արևելյան ափերի մոտ։ Առաջանում է Արևելա-Չինական ծովի հյուսիսային մասի և նրան հարող օվկիանոսի մակարդակների տարբերության հետևանքով։ Որոշ գիտնականների կարծիքով Հյուսիսային պասսատային հոսանքի շարունակությունն է։ Ռյուկյու կղզիների մոտ բաժանվում է 2 ճյուղի՝ արևմտյանը մտնում է Արևելա-Չինական ծով, Յուսիմայի նեղուցով անցնում Ճապոնական ծով, արևելյան ճյուղը ճապոնական կղզիների արևելյան ափերով անցնում է հյուսիս-արևելյան և հյուսիս ային լայնության 40°-ի տակ հանդիպում Կուրիլյան սառը հոսանքին, որտեղից արևելյանը կոչվում է Հյուսիս-Խաղաղօվկիանոսյան հոսանք։ Սիոնոմիսակի հրվանդանից հարավային Կուրոսիոյի լայնությունը մոտ 170 Կմ է, հոսանքի շերտի հաստությունը՝ մինչև 700 մ, հզորությունը՝ 37, 9 մլն մ3/վրկ, արագությունը՝ 6 Կմ/ժ։ Հյուսիսային լայնության 35°-ից Կուրոսիոյի հաստությունը նվազում է մինչև 200 մ, արագությունը՝ 1-2 Կմ/ժ։ Ջրի ջերմաստիճանը օգոստոսին 28°C-ից (հարավում) 25°C (հյուսիսում) է, փետրվարին՝ 18°C-ից 12°C։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png