Կուլակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուլակություն (ռուսերեն Кулак, բռունցք բառից, սկզբնապես՝ թալանչիական շահագործումով, վաշխառությամբ, չարաշահությամբ հարստացած մարդ-֊կուլակ), գյուղական բուրժուազիա։ Ռուսաստանում կուլակությունը որպես դասակարգ կազմավորվել է 1861 թվականի գյուղացիական ռեֆորմից հետո։ XX դարի սկզբներին կապիտալիստ շահագործողների ամենամեծաթիվ խավն էր։ Կուլակային էր գյուղացիական տնտեսությունների մինչև 1/5-ը։ 1905-1907 թվականների հեղափոխությունից հետո Ստոլիպինյան ագրարային ռեֆորմով ցարիզմը հիմնովին քայքայեց գյուղական համայնքը և ամրապնդեց Կուլակությունը՝ ձգտելով ի դեմս նրա գյուղում ստեղծել ամուր հենարան։ 1917 թվականի Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը կուլակություը ընդունեց թշնամաբար։ Բայց մինչև 1918 թվականի ամառը, քանի դեռ վերացվում էր կալվածատիրական հողատիրությունը, Կուլակությունը հանդես էր գալիս ամբողջ գյուղացիության հետ՝ ընդդեմ կալվածատերերի։ Կուլակները զավթում էին լավագույն հողերը, կալվածատերերի անասունները և ինվենտարը, մտնում էին գյուղական վոլոստային սովետների մեջ՝ փորձելով սովի միջոցով ստիպել սովեաական իշխանությանը հրաժարվել սոցիալական վերափոխություններից։ 1918 թվականի ամառ-աշնանից Կուլակները բացահայտորեն դուրս եկավ սովետական իշխանության դեմ։ Երկրով մեկ բռնկվեցին կուլակային ապստամբություններ։ Գյուղում ծավալվեց սոցիալիստական հեղափոխությունը։ Կուլակության դեմ պայքարում մեծ դեր խաղացին չքավորական կոմիտեները և պարենային ջոկատները։ 1919 թվականին մտցված պարենմասնատրումն ուղղված էր կուլակների դեմ՝ հացի ավելցուկը բռնագրավելու համար։ Քաղաքացիական պատերազմի և օտարերկրյա ինտերվենցիայի տարիներին կուլակություն դարձավ մանրբուրժուական հակահեղափոխության հիմնական ուժը և խռովություններ հրահրեց երկրի տարբեր վայրերում (տես Անաոնովշչինա)։ Պարենհարկի ժամանակ աշխուժացան կուլակային տնտեսությունները, սակայն հողի ազգայնացումը ոչնչացրեց գյուղում կապիտալիստական կուտակման ակունքները։ Սովետական իշխանությունն անցավ կուլակության սահմանափակման և ապա վերացման քաղաքականությանը։ Հակադրվելով կոմու֊նիստական կուսակցությանը՝ կուլակությունը հանդես էր գալիս «գյուղացիության միությունների» ստեղծման պահանջով, մղում հակսովետական և հակակոլտնտեսային ագիտացիա։ 1927-1928 թվականներին կուլակները կազմակերպեցին «հացի գործադուլ»՝ հրաժարվելով կայուն գներով հաց վաճառել պետությանը։ Ի պատասխան այդ գործողությունների, սովետական իշխանությունը, հենվելով գյուղի չքավորության և միջակների վրա, անցավ կուլակության սահմանափակմանը, մեծացրեց կուլակների հարկադրումը, զրկեց քաղաքացիական իրավունքներից և այլն։ Գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացումը հիմք ծառայեց կուլակության՝ որպես դասակարգի վերացման համար։ ՀամԿ (բ) կոմունիստական Կուսակցության 1930 թվականի հունվարի 30-ի և փետրվարի 4-ի որոշումներով համատարած կոլեկտիվացման շրջանում թույլատրվեց կուլակության ունեցվածքի բռնագրավում և նրանց վտարում։ «Կուլակաթափությունը» իրականացվում էր որպես հասարակական կամպանիա՝ սովետական իշխանության, ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և գյուղացիների մասնակցությամբ։ Գյուղատնտեսության սոցիալիստական վերափոխման շնորհիվ գյուղացիությունն ազատվեց կուլակային շահագործումից, ՍՍՀՄ-ում հաղթանակեց կոլտնտեսային կարգը, ոչնչացան մարդու կողմից մարդու շահագործում ծնող պայմանները։ Աստիճանաբար վերացվեցին նախկին այն կուլակների քաղաքացիական իրավունքների սահմանափակումները, ովքեր ազնվաբար աշխատում էին և օրինապահ էին սովետական իշխանության նկատմամբ։ ՍՍՀՄ 1936 թվականի սահմանադրությամբ նրանց տրվեց ընտրական իրավունք։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941-1945) նրանցից շատերը անձնվիրաբար կռվեցին ռազմաճակատում, պարգեվատրվեցին շքանշաններով ու մեդալներով։ Պատերազմից հետո լիովին վերացվեցին նախկին կուլակների նկատմամբ սահմանափակումները։ Սոցիալիստական մյուս երկրներում, որտեղ ավարտվել է մանրգյուղացիական տնտեսությունների անցումը խոշոր սոցիալիստականի, կուլակությունը որպես դասակարգ ոչնչացել է գյուղացիական տնտեսությունների արտադրական կոոպերացման հետեվանքով։ Այդ երկրներում դասակարգային պայքարի յուրահատուկ պայմանները, Սովետական Միության պատմական փորձը, սոցիալիստական լագերի տնտեսական և ռազմական, հզորությունը հնարավորություն տվեցին չդիմելու կուլակության բռնի սեփականազրկման, և կուլակության՝ որպես դասակարգի վերացումը այստեղ ընթացավ նրա հետևողական սահմանափակումով և ապա՝ չեզոքացումով։ Հայաստանում կուլակությունը առաջացել է XIX դարի 2-րդ կեսին, երբ Կովկասը ներգրավվեց Ռուսաստանի կապիտալիստական հարաբերությունների զարգացման մեջ։ Նրա առաջացմանը նպաստեցին 1870 թվականի մայիսի 14-ի կանոնադրությունը և 1912 թվականի դեկտեմբերի 20-ի օրենքը։ Թշնամաբար ընդունելով Հայաստանում սովետական իշխանության հաղթանակը (1920)՝ Կուլակությունը մասնակցեց դաշնակցականների փետրվարյան խռովությանը (1921)։ Կուլակները պայքարում էին սովետական իշխանության և Կոմունիստական կուսակցության՝ գյուղում անցկացվող միջոցառումների դեմ։ Նոր տնտեսական քաղաքականության (նէպ) պայմաններում սովետական իշխանությունը նրանց գոյությունը դժվարացնում էր սահմանափակելու և արտամղելու քաղաքականության միջոցով։ Մինչև 1930-ը անհատական հարկադրման էր ենթարկվում նրանց ունևոր վերնախավը, ապա այն տարածվեց բոլոր կուլակային տնտեսությունների վրա։ 1920-ական թթ. վերջերին կուլակությունը կազմում էր գյուղացիական բոլոր տնտեսությունների մոտ 2%-ը։ Մասսայական կոլտնտեսական շարժման ժամանակ Հայաստանում ևս խիստ սրվեց դասակարգային պայքարը, որի հիմնական ձևը դարձավ բանդիտիզմը (Շամշադին, Վեդի, Դարալագյազ, Զանգեզուր, Թալին և այլ շրջաններ)։ Բանդիտական շարժման ճնշման գործում ակտիվ դեր կատարեցին գյուղի աշխատավորները և կոմունիստական ջոկատները (կոմունարներ)։ 1930 թվականի համատարած կոլեկտիվացման ժամանակ ունեզրկվեց կուլակային տնտեսությունների 25-30%-֊ը։ Հանրապետությունում (նաև ՍՍՀՄ որոշ շրջաններում), որտեղ գյուղատնտեսության սոցիալիստական վերակառուցման ավարտը ուշացավ, կուլակությունը՝ որպես դասակարգի, վերացումը տեղի ունեցավ ինչպես համատարած կոլեկտիվացման հիման վրա, այնպես էլ տնտեսական ճնշման (բարձր հարկեր, ցանքի և մթերումների պարտադիր կայուն առաջադրանքներ) միջոցով։ ՍՍՀՄ ժողկոմխորհի և ՀամԿ (բ) կԿ 1933 թվականի մայիսի 8-ի հրահանգի (որոշման) համաձայն արգելվեց կուլակների զանգվածային արտաքսումը։ 1930-ական թթ. կեսերին, երբ Հայաստանում հաղթանակել էր լենինյան կոոպերատիվ պլանը, ավարտվեց նաև կուլակների մնացորդների վերացումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png