Կորիզաթաղանթ
Կորիզը արտաքինից ծածկված է դեպի էնդոպլազմատիկ ցանց տանող սուբմիկրոսկոպիկ անցքեր ունեցող թաղանթով, որը նրան անջատում է բջջապլազմայից: Այդ թաղանթը համարվում է ընդհանուր վակուոլային համակարգի ածանցյալ: Բջջի բաժանման վերջում` թելոֆազի փուլում էնդոպլազմատիկ ցանցի խողովակները կուտակվում են դուստր քրոմոսոմների շուրջը և առաջացնում կորիզաթաղանթ:[1]
[խմբագրել] Կառուցվածքը
Կորիզաթաղանթը կազմված է եռաշերտ թաղանթներից, որոնց արանքում` կա ազատ պերինուկլեար տարածություն: Այդ թաղանթներից յուրաքանչյուրն իր կառուցվածքով նման է պլազմատիկ թաղանթին, իսկ դրանցից արտաքինը` անմիջականորեն կապված է էնդոպլազմային ցանցի հետ: Բացի այդ, արտաքին թաղանթի մակերեսին կան ռիբոսոմներ: Կորիզաթաղանթը օժտված է յուրահատուկ անցքերով, որոնք ունեն ավելի մեծ տրամագիծ (30-100 նմ), քան բջջաթաղանթի համանման անցքերը: Նրանց քանակը կախված է բջջի նյութափոխանակության ակտիվությունից և կարող է կազմել կորիզաթաղանթի ընդհանուր մակերեսի 10%-15%-ը: Այդ անցքերը բարդ կազմավորում ունեն և ապահովում են թաղանթի ընտրողական թափանցելիությունը: Կորիզի ծակոտկենությունը կապ է հաստատում ցիտոպլազմայի և կորիզանյութի (կարիոպլազմա) միջև: Արտաքին թաղանթը կապված է ցիտոպլազմայի, իսկ ներքինը` կորիզանյութի (կարիոպլազմա) հետ: Նրանց միջև եղած տարածությունը լցված է կիսահեղուկ նյութով: Այդ երկու շերտերը մերթ մոտենում են, մերթ հեռանում միմյանցից` գոյացնելով մերձկորիզային լուսավոր տարածություններ, որոնք կապ են հաստատում ցիտոպլազմայի հետ: Մերձեցման կետերը դառնալով կորիզաթաղանթի ամենաբարակ և նուրբ մասերը` ժամանակ առ ժամանակ ճեղքվում են, որի արդյունքում առաջանում են այն ծակոտիները, որոնցով կորիզահյութը անցնում է ցիտոպլազմայի մեջ և հակառակը:[2][3]
[խմբագրել] Ֆունկցիան
- սահմանազատում է կորիզը ցիտոպլազմայից
- կարգավորում է նյութերի տեղաշարժը կորիզի և ցիտոպլազմայի միջև
- կարգավորում է ի-ՌՆԹ-ի, փ-ՌՆԹ-ի, ռիբոսոմների սուբմիավորների թափանցելիությունը կորիզից ցիտոպլազմա և
նուկլեոտիդների, սպիտակուցների, ֆերմենտների, ԱԵՖ-ի, ջրի և իոնների թափանցումը կորիզ` հակառակը
[խմբագրել] Աղբյուրներ
- Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 110-111
- Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 54-56
- Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 24-25
Ծանոթագրություններ և նշումներ