Կոտայքի սարավանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտայքի սարավանդ
Տեսակսարավանդ
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԿոտայքի մարզ
ԲԾՄ1200 մետր և 1500 մետր
Քարտեզ
Քարտեզ

Կոտայքի սարավանդ, Կոտայքի պլատո, Կոտայքի սարահարթ, Քանաքեռի սարավանդ, սարավանդ Հայաստանի Կոտայքի մարզում։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածվում է Հրազդան գետի միջին հոսանքի ձախափնյա մասից մինչև Գեղամա լեռների արևմտյան ստորոտը[1]։ Հյուսիսից սահմանափակում է Գութանասարը, հյուսիս-արևելքից՝ Հատիս լեռնազանգվածը[2]։ Հարավ-արևմուտքում աստիճանաբար ցածրանալով ձուլվում է Արարատյան դաշտին, արևելքում առաջացնում է Ավանի գոգավորությունը, ապա՝ Գետառ և Ջրվեժ գետերի ջրբաժանը։

Ծագումն ու բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմված է վերին պլիոցենի և պլեյստոցենի լավաներից, լճային նստվածքներից և ժամանակակից ալյուվիալ-պրոլյուվիալ գոյացումներից։ Ունի դեպի արևմուտք և հարավ-արևմուտք ընդհանուր թեքություն, 1200—1500 մ բարձրություն, թույլ մասնատված, լավային ալիքավոր մակերևույթ։ Տեղ-տեղ բարձրանում են 50-60 մ հարաբերական բարձրությամբ մնացորդային բլրակներ ու խարամային կոներ։ Զգալի տարածում ունեն քարակարկառները։ Հյուսիս-արևելքում, Գեղամա լեռների լավաների տարբեր ծածկույթների կարերից բխում են Քառասունակն աղբյուրները։ Կոտայքի սարավանդի հիմքում (Ավանի գոգավորության սահմաններում) կան կերակրի աղի հանքավայրեր։ Կլիման չոր ցամաքային է՝ չափավոր ցուրտ ձմեռներով և տաք ամառներով, տարեկան տեղումները՝ 400—500 մմ։ Բարձրադիր մասերում տարածված են բաց շագանակագույն, ցածրադիր մասերում՝ շագանակագույն և գորշ հողերը։ Տիրապետում է չոր տափաստանային լանդշաֆտը՝ տեղ-տեղ տրագանտային և օշինդրային բուսածածկույթով։ Բնական լանդշաֆտը կիսաանապատային և չոր տափաստանային է։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ, արհեստական ոռոգման պայմաններում՝ պտղաբուծությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 72 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 225 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 638