Կոնվերգենցիայի տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնվերգենցիայի տեսություն, ժամանակակից բուրժուական տեսություն, ըստ որի կապիտալիստական և սոցիալիստական համակարգերի տնտեսական, քաղաքական և գաղափարական տարբերություններն աստիճանաբար հարթվում են, որը, վերջին հաշվով, կհանգեցնի դրանց միաձուլմանը։ Կոնվերգենցիա տերմինը փոխառնվել է կենսաբանությունից։ Կոնվերգենցիայի տեսությունն առաջացել է 20-րդ դարի 50-60-ական թվականներին, երբ գիտատեխնիկական հեղափոխության, արտադրության աճող համակենտրոնացման հետևանքով բարձրացավ բուրժուական պետության տնտեսության դերը և կապիտալիստական երկրներում մտցվեցին էկոնոմիկայի պլանավորման որոշ տարրեր։ Մյուս կողմից, սոցիալիստական երկրներում ապրանքա֊դրամական հարաբերությունների զարգացումը, տնտեսական լծակների լայն օգտագործումը, նյութական խթանումը համարվեց «նահանջ» կենտրոնացված պլանավորումից և մոտեցում կապիտալիստական շուկայական կարգավորմանը։

Երկու համակարգերի մոտեցման ու «սինթեզի» վճռական գործոններից մեկը կոնվերգենցիայի տեսության կողմնակիցները համարում են տեխնիկական առաջընթացը և խոշոր արդյունաբերության, հատկապես նրա ժամանակակից ճյուղերի արագ զարգացումը։ Սակայն տեխնիկայի զարգացման, արտադրության կազմակերպման ու ճյուղային կառուցվածքի մեջ ընդհանուր գծերը չեն կարող վերացնել կապիտալիզմի ու սոցիալիզմի արմատական տարբերությունները։ Կոնվերգենցիայի տեսության առավել նշանավոր ներկայացուցիչներն են Ջ. Գելբրայտը, Պ. Սորոկինը (ԱՄՆ), Յա. Թինբերգենը (Հոլանդիա), Ռ. Արոնը (Ֆրանսիա), Զ. Աթրեյչին (Անգլիա)։ Կոնվերգենցիայի տեսաբանները համակարծիք չեն։ Ոմանք պնդում են, որ կապիտալիզմն ու սոցիալիզմը ներկայումս էլ նմանվում են, մյուսները՝ ապագայում դրանք կմիաձուլվեն և կստեղծվի «խառը հասարակություն», կամ կապիտալիզմը իբր մնում է նույն համընդհանուր բարեկեցության հասարակարգը, իսկ սոցիալիզմն իբր դադարում է սոցիալիզմ լինելուց, մոտենում է կապիտալիզմին և, ի վերջո, լուծվում արևմտյան ապրելակերպի մեջ։ Պ. Սորոկինը գտնում է, որ «կապիտալիզմի ու կոմունիզմի դրական արժեքների» գումարման միջոցով կառաջանա ինտեգրալ տիպի հասարակություն, Ռ. Արոնը՝ որ կոնվերգենցիան տեղի կունենա ԽՍՀՄ էկոնոմիկայի մեջ փոփոխությունների միջոցով։ Ցա.

Թինբերգենի կարծիքով ապագայի օպտիմալ հասարակարգը կապիտալիզմից կյուրացնի երեք սկզբունք.

1. մասնավոր սեփականությունը.

2. տնտեսական խթանման կարգը և շահույթ ստանալու ձեռնարկատերերի ձգտումը

3. շուկայական համակարգը։

Այդ հասարակարգը սոցիալիզմից կյուրացնի նույնպես 3 սկզբունք.

1. հավասարությունը.

2. արտադրության նկատմամբ բանվորական վերահսկողությունը.

3. տնտեսական պլանավորումը, չպահպանելով սակայն չորրորդը՝ հանրային սեփականությունը։

Այլ կերպ՝ օպտիմալ համակարգը հենց նույն, ժամանակակից կապիտալիզմն է։ Կոնվերգենցիայի տեսության այլ տարբերակ է առաջադրում Ջ. Գելբրայտը. ցանկացած հասարակարգում ժամանակակից տեխնիկայի ու արտադրության կազմակերպման բարդ պայմաններում շուկայական հարաբերությունները պետք է փոխարինվեն պլանային հարաբերություններով։ Կապիտալիստական ծրագրավորման և սոցիալիստական կենտրոնացված պլանավորման միջև Գելբրայտը տեսնում է միայն քանակական տարբերություններ։ Սակայն հայտնի է, որ կապիտալիստական կորպորատիվ պլանավորումը և պետական միջամտությունն ի վիճակի չեն հաղթահարելու կապիտալիստական արտադրության ցիկլային տատանումները, ինֆլյացիան, գործազրկությունը։ Բուրժուական պետությունը չի կարող տնտեսական զարգացման մեջ կատարել այն դերը, ինչ սոցիալիստականը, քանի որ արտադրության միջոցների մեծ մասը մասնավոր սեփականություն է։ Լավագույն դեպքում կարելի է ծրագրավորել, հեռանկարային կանխագծումներ կատարել։ Արմատապես սխալ է նաև «շուկայական սոցիալիզմի» կոնցեպցիան։

Ապրանքա- դրամական հարաբերությունները սոցիալիզմի պայմաններում ենթարկվում են պետության պլանային կարգավորմանը, իսկ տնտեսական ռեֆորմները կատարելագործում են տնտեսության կառավարման, պլանավորման ու նյութական խթանման համակարգերը։ Կոնվերգենցիայի տեսության որոշ ներկայացուցիչներ իրենց հայացքները կապում են երկու համակարգերի խաղաղ գոյակցության հետ։ Նրանց կարծիքով այդ համակարգերի կոնվերգենցիան միայն կարող է մարդկությանը փրկել ջերմամիջուկային պատերազմից։ 1970-ական թվաններին միջազգային լարվածության մեղմացումը, երկու համակարգերի տնտեսական ու մշակութային կապերի ընդլայնումը կոնվերգենցիայի տեսաբանները ձգտում են բնութագրել որպես իրենց տեսակետների հաստատման գործոններ։ Կապիտալիստական երկրներում, հատկապես մտավորականության շրջանում, կոնվերգենցիայի տեսությունը ստեղծում է կապիտալիզմը սոցիալիզմի աստիճանաբար վերաճելու պատրանք, ապակողմնորոշում աշխատավորությանը արմատական սոցիալական վերափոխումներ կատարելու անհրաժեշտությունից։ Այն հակակոմունիստական ռեակցիոն ուժերի ձեռքում գործիք է սոցիալիստական երկրների հետ «կամուրջ» գցելու, «սոցիալական խաղաղություն» քարոզելու, սոցիալիզմի գաղափարների դեմ «հոգեբանական պատերազմ» մղելու համար։ Կոնվերգենցիայի տեսությունն Արևմուտքի բուրժուական առավել ճկուն գաղափարախոսությունն է։ Դրա գիտական հիմնավորված մերժումը մարքս-լենինյան տեսության գլխավոր խնդիրներից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 579