Կոնստանտին Օրբելյան կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կոնստանտին Օրբելյան (այլ կիրառումներ)

Կոնստանտին Օրբելյան, դիրիժոր, Մոսկվայի կամերային նվագախմբի և Ռուսաստանի ֆիլհարմոնիայի երաժշտական տնօրեն, Պետերբուրգի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիրը և երաժշտական տնօրեն և ռուսական այլ հռչակավոր նվագախմբերի հաճախակի հյուր դիրիժոր։

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի զարմիկն է։

Ծնվել է Սան Ֆրանցիսկոյում (27 օգոստոս 1956)։ Հայրը հայ է, մայրը՝ ռուս։ Կոնստանտին Օրբելյանն իր դեբյուտը որպես վունդերքինդ դաշնակահար ունեցել է 11 տարեկանում, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական դպրոցն ավարտելուց հետո սկսել է իր կարիերան որպես վիրտուոզ դաշնակահար, ելույթներ ունեցել խոշոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և Ռուսաստանում։ Շրջագայում է ամերիկյան աստղերի հետ ռուսական երաժշտական կենտրոններում և ռուսական աստղերի հետ՝ Հյուսիսային Ամերիկայի երաժշտական կենտրոններում, և այդ հիանալի համագործակցությունը հասել է Եվրոպա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Կորեա և ամբողջ աշխարհի երաժշտական մայրաքաղաքները։

2004 թ. հունվարին նախագահ Պուտինը Օրբելյանին պարգևատրել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչմամբ, որը երբևէ չէր շնորհվել ոչ Ռուսաստանի քաղաքացու։ «Օպերա նյուզը» Օրբելյանին անվանել է «երգիչների երազած գործընկեր» և նշել, որ վոկալ երկացանկը նա իրականացնում է «առաջնորդ դաշնակահարի զգայունությամբ»։ Օրբելյանը հաճախ է համագործակցում Դմիտրի Խվորոստովսկիի հետ, որոնց երկացանկը ներառում է «Դելոս» ֆիրմայի արտադրած «Որտեղ եք, իմ եղբայրներ» և «Մոսկովյան գիշերներ» ձայնագրությունները, որ ներկայացվել են բազմաթիվ շրջագայությունների ժամանակ և կենդանի հեռարձակմամբ, այդ թվում՝ Մոսկվայի Կարմիր հրապարակից։

Օրբելյանի առաջին կինոաշխատանքը կոչվում է «Ռենե Ֆլեմինգ և Դմիտրի Խվորոստովսկի. մի ոդիսական Սանկտ Պետերբուրգում», նկարահանված Պետերբուրգի ամենից փառահեղ վայրերում, որ ներկայացնում է Ռենե Ֆլեմինգին և Դմիտրի Խվորոստովսկիին օպերայի տեսարաններում և արիաներ կատարելիս։

Դիրիժոր Նեեմե Յաարվիի հետ նրա ձայնագրած Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը Միացյալ Թագավորությունում արժանացել է «Տարվա լավագույնը կոնցերտի ձայնագրություն» մրցանակին։

Իր գեղարվեստական նվաճումները Օրբելյանը մշտապես օգտագործել է միջազգային բարի կամքի գործերին ի նպաստ։ Նա և նրա նվագախմբերը մասնակցում են նաև երիտասարդների մշակութային հարստացման ծրագրերին, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում։ 2001 թ. Օրբելյանին շնորհվել է Էլիս Այլենդի Պատվո մեդալը, որով պարգևատրվում են ներգաղթյալներին կամ նրանց զավակներին, որոնք բացառիկ ներդրում են կատարել Միացյալ Նահանգներում։ 2012 թ. Ռուսաստանի կողմից պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ ռուս մշակույթը երկրից դուրս ճանաչել տալու գործումներդրմանհամար։