Կոնստանտին Մարջանիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Մարջանիշվիլի
վրաց.՝ კოტე მარჯანიშვილი
Ծնվել էմայիսի 28 (հունիսի 9), 1872
ԾննդավայրՂվարել, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 17, 1933(1933-04-17)[1][2] (60 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտացումդերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 0546313

Կոնստանտին Ալեքսանդրի Մարջանիշվիլի (Մարջանով) (մայիսի 28 (հունիսի 9), 1872, Ղվարել, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 17, 1933(1933-04-17)[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռեժիսոր։ ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (1931

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական գործունեությունն սկսել է 1893 թվականին Քութայիսում, որպես դերասան այլ դերերի շարքում՝ խաղալով նաև Մասիսյանցի դերը (Սունդուկյանի «Խաթաբալա»)։ 1894 թ. անցել է ռուսական բեմ՝ որպես ռեժիսոր ստեղծելով բազմաթիվ ներկայացումներ Իրկուտսկի, Սարատովի, Ռոստովի և այլ քաղաքների թատրոններում, ապա՝ ղեկավարել Ռիգայի Նեզլոբինի խումբը, որը բեմադրել է Գորկու, Բլոկի, Չեխովի, Լ․ Անդրեևի, Նայդյոնովի մի շարք պիեսներ։ 1910-1913 թթ. աշխատել է ՄԳԱԹ-ում (Կ․ Համսունի «Կյանքի ճիրաններում», Իբսենի «Պեր Գյունտ»)։ 1913-1914 թթ. Մոսկվայում կազմակերպել է Ազատ թատրոնը՝ ձգտելով ընդլայնել բեմարվեստի սինթետիկ հնարավորությունները։ Այստեղ համագործակցել է հայ դիրիժոր Կ․ Սարաջեի և երգիչ Ա․ Կարատովի հետ։ 1914 թ. Ռոստովում բեմադրել է Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիեսը, որը տեղի հայկական մամուլը համարել է «գովելի ձեռնարկություն», «ռուսական որոնող թատրոնի խստապահանջ ռեպերտուարի ցանկը մի չքնաղ գոհարով ճոխացնող գործ»։ 1919 թ. Կիևում բեմադրել է Լոպե դե Վեգայի «ֆուենտե օվեխունա» դրաման՝ ներկայացմանը հաղորդելով հեղափոխական մեծ թափ ու հերոսական ոգի։ 1920 թ. Պետրոգրադում կազմակերպել է Կոմիկական օպերայի թատրոնը և մասնակցել մասսայական թատերականացված հանդեսների բեմադրություններին։ 1922 թվականից՝ Թիֆլիսի նորաստեղծ Ռուսթավելու անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Վրացական բեմի խորհրդային վերածնունդը ամբողջովին կապված է Մարջանիշվիլիի անվան հետ։ Ռուսական բեմի հեղափոխական ավանդույթները Մարջանիշվիլին այստեղ ներդաշնակել է վրացական թատրոնի ազգային խառնվածքին։ Լոպե դե Վեգայի «Ֆուենտե օվեխունա», Զ․ Անտոնովի «Արևի խավարումը Վրաստանում», Դ․ Էրիսթավիի «Բաժանություն», Շեքսպիրի «Համլետ», Ազիանիի «Դասալիք կինը» բեմադրությունները նպաստել են վրացական բեմարվեստի բուռն զարգացմանը։ 1928 թ. Մարջանիշվիլին Քութայիսում հիմնադրել է 2-րդ պետական թատրոնը (այժմ՝ Թբիլիսիում)։ Տոլլերի «Հոպլյա՜, մենք ապրում ենք», Գուցկովի «Ուրիել Ակոսատ», Կիրշոնի «Հաց»։ Լավրենյովի «Բեկում», Կակաբաձեի «Կվարկվարե Թութաբերի» բեմադրություններով վրացական բեմն ապրել է աննախընթաց վերելք, երկու ազգային թատրոններում աճել են Վ․ Անջափարիձեի, Ու․ Չխեիձեի, Վ․ Գոձիաշվիլու, Ա․ Խորավայի, Ա․ Վասաձեի, Թ․ Ճավճավաձեի, Ս․ Զաքարիաձեի նման դերասաններ։ Թիֆլիսի Հայ դրամայի «Ֆուենտե օվեխունա» և Ն․ Ազիանիի «Դասալիք կինը» («Դեզերտիրկա») բեմադրությունները իրականացվել են ըստ Մարջանիշվիլիի ռեժիսորական մտահղացման։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է Մոսկվայի Փոքր թատրոնում, որպես գլխավոր ռեժիսոր։ Բեմադրություններ է տվել նաև Թիֆլիսի օպերային թատրոնում։ Վրաստանում ստեղծել է մի շարք ֆիլմեր։ Հայ արվեստի զործիչներից մոտիկից շփվել է Հ․ Դանիելյանի, Լ․ Իսեցկու հետ։ Տարբեր առիթներով Մարջանիշվիլիի արվեստը հատուկ ուշադրության նյութ են դարձրել Օ․ Սևումյանը և Ս․ Քափանակյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Марджанишвили Константин Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 337
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Մարջանիշվիլի» հոդվածին։