Կոնովալովի օրենքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնովալովի օրենքներ, երկու օրենք, որոնք ցնդող երկու նյութերից կազմված համակարգում կապ են արտահայտում հեղուկ լուծույթի բաղադրության և հագեցած գոլորշու (կամ եռման ջերմաստիճանի) բաղադրության ու ճնշման միջև։ Այդ օրենքները փորձնականորեն և տեսականորեն հաստատել է Դ. Կոնովալովը՝ 1881—84-ին։ Ավելի ընդհանուր հարաբերակցություններ այլ ճանապարհով ստացել է Ջ. Գիբսը՝ 1876—78-ին։

  • Միևնույն ջերմաստիճանի պայմաններում, ըստ առաջին օրենքի, լուծույթի հագեցած գոլորշու ընդհանուր ճնշումը բարձրանում է դրանում այն բաղադրամասի կոնցենտրացիայի մեծացման դեպքում, որի պարունակությունը գոլորշում ավելի շատ է, քան լուծույթում, և փոքրանում այն բաղադրամասի կոնցենտրացիան մեծացնելիս, որի պարունակությունը գոլորշում ավելի քիչ է, քան լուծույթում։

Միևնույն ճնշման պայմաններում այդ օրենքը կարող է օգտագործվել այսպիսի ձևով՝

  • Լուծույթի եռման ջերմաստիճանը բարձրանում է այն բաղադրամասի կոնցենտրացիայի մեծացման դեպքում, որի պարունակությունը գոլորշում ավելի քիչ է, քան լուծույթում, և իջնում այն բաղադրամասի կոնցենտրացիան մեծացնելիս, որի պարունակությունը գոլորշում շատ է, քան լուծույթում։

Գոլորշու ընդհանուր ճնշման կորի (հետևաբար և եռման ջերմաստիճանի կորի) վրա առավելագույն և նվազագույն կետեր չունեցող համակարգերի դեպքում կիրառվում է այդ օրենքի ավելի պարզ ձևակերպումը՝

  • Երկու ցնդող նյութերից բաղկացած լուծույթի հագեցած գոլորշին հարուստ է այն բաղադրամասով, որը մաքուր վիճակում ունի գոլորշու ավելի բարձր ճնշում, այսինքն՝ եռման ջերմաստիճանը ավելի ցածր է։

Երկրորդ օրենքը վերաբերում է ավելի մասնավոր դեպքերի։

  • Հագեցած գոլորշու ընդհանուր ճնշման կորի վրա առավելագույն և նվազագույն (եռման ջերմաստիճանի կորի վրա՝ նվազագույն և առավելագույն) կետերը համապատասխանում են լուծույթների, որոնց և հագեցած գոլորշու բաղադրությունները նույնն են։

Կոնովալովի օրենքները կարևոր են թորման և ռեկտիֆիկացման պրոցեսների տեսության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 573