Կոնկրետը և վերացականը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնկրետը և վերացականը, փիլիսոփայական կատեգորիաներ։

Դիալեկտիկա-մատերիալիստական մեկնաբանությամբ կոնկրետը ամբողջական առարկան է իր ողջ հարստությամբ, իր բոլոր կողմերով, կապերով ու հարաբերություններով, որոնք ստեղծվում են առարկայի գոյության որոշակի պայմաններում, իսկ վերացականն առարկան է՝ վերցված այդ որոշակի պայմաններից դուրս, ուրեմն՝ որպես ձև, սխեմա, հնարավորություն։

Հիրավի, մարդկային ճանաչողությունն իրական ամբողջից՝ կոնկրետից, սկզբում վերացարկում է առանձին կողմեր ու կտրվածքներ։ Այդպիսով առարկան վերցվում է որևէ հարաբերության տեսակետից, որով նա նույնանում է ուրիշ առարկաների հետ (ընդհանրացնող կամ նույնացման վերացարկում), մտովի առանձնացվում է առարկայի որևէ հատկություն, որը դիտվում է որպես ինքնուրույն վերացական առարկա (մեկուսացնող վերացարկում)։ Տեսական մտածողության խնդիրն է այդ վերացություններից վերականգնել կոնկրետն իր հարստությամբ՝ արդեն որպես ըմբռնված և իդեալական, մտածական կոնկրետ։ Դա հնարավոր է դառնում, երբ հաջողվում է կառուցել առարկայի տեսությունը, որի մեջ համակարգվում են այդ վերացությունները։ Ուստի վերացականը հանդես է գալիս որպես կոնկրետին անցնելու պահ, որովհետև միակողմանի վերացությունների կազմավորումը և դրա շնորհիվ առարկայի դիտարկումը մաքուր, տեսքով, նրա ձևայնացումը և սխեմայնացումը դառնում են սոսկ աստիճաններ առարկան իր ամբողջությամբ ու զարգացման մեջ մտովի վերականգնելու համար։

Ճանաչողության մեջ կոնկրետի և վերացականի հարաբերակցությունը, ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, արտացոլում է դրանց օբյեկտիվ դիալեկտիկան, այս իմաստով ինքը՝ բնությունը, և՛ կոնկրետ է, և՛ վերացական։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 570