Կոմիտասի անվան ազգային քառյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոմիտասի անվան կվարտետից)
Կոմիտասի անվան ազգային քառյակ
Ժանրերդասական երաժշտություն
Գործունեություն1924
ԼեյբլՄելոդիա
Պարգևներ
Ստալինյան մրցանակ
Կայքkomitasquartet.am

Կոմիտասի անվան պետական լարային քառյակ, Հայաստանի առաջին քառյակներից։ Հիմնադրվել է Մոսկվայում 1924 թվականին, տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե. Գուզիկով)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականների վերջերին քառյակի գործունեությունը բարձր են գնահատել Մ. Իպոլիտով-Իվանովը, Կ. Իգումնովը, Ս. Վասիլենկոն, Ռ. Գլիերը, Կ. Սարաջյանը։ 1931 թվականից անվանվել է Հայկական ՀԽՍ պետական քառյակ, մեկ տարի անց՝ կոչվել Կոմիտասի անվան քառյակ։ 1932 թվականից համերգներով շրջագայել է ԽՍՀՄ հանրապետություններում։

1933 թվականին, Լ. Օհանջանյանի մահից հետո, որպես 2-րդ ջութակահար հանդես է եկել Գ. Սարաբյանը, 1938 թվականից՝ Ն. Բալաբանյանը։ 1934 թվականին քառյակին շնորհվել Է ՀԽՍՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում։ 1938 թվականին, լարային քառյակների համամիութենական մրցույթում արժանացել է մրցանակի։

1939 թվականին Կոմիտասի անվան քառյակը արժանացել է 1-ին մրցանակի (Մեծ թատրոնի անվան քառյակի հետ մեկտեղ)։ 1939 թվականին և 1956 թվականին մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի տասնօրյակներին, հանդես եկել ռուսական, եվրոպական և հայ երաժշտության տարբեր նմուշների բարձրարվեստ կատարումներով։ 1938 թվականին քառյակի երաժիշտներին շնորհվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1945 թվականին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում, 1946 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

1953 թվականից քառյակը պարբերաբար մեկնել է արտասահմանյան հյուրախաղերի (Գերմանիա, Անգլիա, Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Հոլանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա և այլն)։ Քառյակի հետ տարբեր տարիներ ելույթներ են ունեցել Ա. Գոլդենվեյզերը, Կ. Իգումնովը, Գ. Նեյգաուզը, Ս. Ռիխտերը, Դ. Շոստակովիչը, Է. Գիլելսը, Վ. Մերժանովը, Մ. Գրինբերգը, Ս. Կնուշևիցկին։

1965 թվականին այն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։

Հակոբ Խանջյանը քառյակի մասին ասել է

«Կոմիտասի անունը կրել՝ նշանակում է ունենալ կատարողական մեծ արվեստ, հուզականություն, անմիջականություն, բարձր կուլտուրա։ Կոմիտասի անունը կրել՝ նշանակում է արվեստն ի սպաս դնել ժողովրդին։ Կոմիտասի անունը կրել, վերջապես, նշանակում է, եթե ոչ նրա օրինակով գյուղից գյուղ, գավառից գավառ շրջել հայ երգը գտնելու, ձայնագրելու, մշակելու համար, ապա գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր շրջել՝ հայ և համաշխարհային երաժշտության նվաճումները բարձրարվեստ մատուցելու համար բոլորին և ամենից առաջ սեփական ժողովրդի ամենալայն զանգվածներին»
- Հ. Խանջյան

2014 թ. նոյեմբերի 27-ին Հայաստանի կառավարության որոշմամբ քառյակին շնորհվել է «ազգային» կարգավիճակ[1]։

Քառյակի կազմը՝ տարբեր տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1925-1933

1933-1936

  • Ավետ Գաբրիելյան
  • Գրիգորի Սարաբյան
  • Միքայել Տերյան
  • Սերգեյ Ասլամազյան

1936-1938

  • Ավետ Գաբրիելյան
  • Գրիգորի Սարաբյան
  • Նիկիտա Բալաբանյան
  • Սերգեյ Ասլամազյան

1938-1947

  • Ավետ Գաբրիելյան
  • Նիկիտա Բալաբանյան
  • Միքայել Տերյան
  • Սերգեյ Ասլամազյան

1947-1968

1968-1970

  • Ավետ Գաբրիելյան
  • Ռաֆայել Դավիդյան
  • Հենրիկ Թալալյան
  • Արմեն Գեորգիան

1970-1972

1972-1976

  • Ավետ Գաբրիելյան
  • Էդուարդ Թադևոսյան
  • Գրիգորի Մարկազյան
  • Դավիթ Գրիգորյան

1976-1984

1984-1990

1990-2000

2000-2008

  • Էդուարդ Թադևոսյան
  • Սուրեն Հախնազարյան
  • Ալեքսանդր Կոսեմյան
  • Արամ Թալալյան

2008-2010

2010 թվականից

  • Էդվարդ Թադևոսյան
  • Սյուզի Երիցյան
  • Ալեքսանդր Կոսեմյան
  • Հասմիկ Վարդանյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ԵՎ «ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՌՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ԱԶԳԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 543