Կոմիսիոն առևտուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմիսիոն առևտուր ապրանքների առք ու վաճառք, որն իրականացվում է միջնորդ օղակի միջոցով՝ որոշակի վարձատրությամբ։ ԽՍՀՄ-ում Կոմիսիոն առևտուրը կատարվում է երեք ձևով.

  1. գյուղատնտեսական մթերքների վաճառք սպառողական կոոպերացիայի կողմից՝ կոմիսիոն հիմունքներով,
  2. ոչ պարենային ապրանքների կոմիսիոն վաճառք և,
  3. կոմիսիոն եղանակով արտադրամիջոցների մեծածախ առևտուր։

Ըստ առաջին ձևի՝ սպառողական կոոպերացիան կոլտնտեսություններից, կոլտնտեսականներից և բանվործառայողներից ընդունում է գյուղատնտեսական մթերքների ավելցուկի մի մասը՝ նախօրոք պայմանավորված գներով և քաղկոոպի մանրածախ առևտրի ցանցի միջոցով իրացնում քաղաքներում և բանվորական ավաններում։ Վաճառքը կատարվում է մթերք հանձնողների և սպառողական կոոպերացիայի կազմակերպությունների փոխադարձ համաձայնությամբ սահմանված (միջին շուկայականից ցածր) գներով։ Սպառողական կոոպերացիայի ծառայությունների դիմաց տրվում է կոմիսիոն վարձատրություն՝ ապրանքների վաճառքի հետ կապված ծախսերը փոխհատուցելու, անհրաժեշտ շահույթ ապահովելու համար։ Ոչ պարենային ապրանքների Կոմիսիոն առևտուր իրականացվում է հատուկ խանութների միջոցով, բնակչությունից հետագա օգտագործման համար պիտանի իրերն ընդունվում և վաճառվում են, որպես կարգ, պետական մանրածախ գներից ցածր գներով։ Հանձնված ապրանքները գնահատվում են մանրածախ գնացուցակով՝ ելնելով մաշվածության աստիճանից։ Կոմիսիոն խանութն իրավասու է իջեցնելու ապրանքի գինը (համաձայնեցնելով հանձնողի հետ), եթե այն 45 օրվա ընթացքում չի վաճառվում, նաև՝ վաճառքի հետ կապված ծախսերի դիմաց գանձել ապրանքի արժեքի 7%֊ը (կոմիսիոն վարձ)։ Կոմիսիոն եղանակով արտադրամիջոցների մեծածախ առևտուրը կատարվում է նյութատեխնիկական մատակարարման վարչությունների միջոցով։ Նպաստում է գերնորմատիվային պաշարների արագ իրացմանը։ Իրականացնում են մանրամեծածախ հատուկ խանութները՝ հիմնարկ֊ձեռնարկություններից ավելորդ նյութերի, սարքավորումների, դազգահների ընդունման և վաճառահանման եղանակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png