Կոմեդիա դել'արտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմեդիա դելլ արտե (Commedia dell՝ arte), դիմակների կատակերգություն, իտալական ուշ միջնադարյան ժողովրդական թատրոն, բնույթով ստեղծաբանական (բանավոր-իմպրովիզացիոն) արվեստ, որի ակունքները վաղ միջնադարի առաջավոր ասիական և դասական միջնադարի եվրոպական ժողո- վըրդական աշխարհիկ թատրոնի ընդերքում են: Ձևավորվել է սկսած XIV դ. և իր բարձրագույն ծաղկումն է ապրել XVI — XVII դդ.՝ որոշակի ազդեցություն կրելով ֆրանսիական ֆարսից և Վերածնության դարաշրջանի իտալական կատակերգությունից (կոմեդիա էրուդիտա): Սյուժեների և կերպարների ընդհանուր նկարագրով Կոմեդիա դելլ արտեն մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական դրամատուրգիայի ու թատրոնի վրա (Վ. Շեքսպիր, Մոլիեր, Կ. Գոլդոնի)՝ պահպանելով իր հետքերը մինչև XIX դ. վերջը: Կոմեդիա դելլ արտեն գրական տեքստ չի ունեցել, այլ սյուժետային պատրաստի սխեմաներ՝ տասնյակ տարբերակներով, և անփոփոխ դիմակ-ամպլուաներ, որոնց հիման վրա խաղի կենդանի ընթացքում դերասանները հորինել են խոսքը (հիմնականում չափածո) և բեմական իրադրությունները՝ այդ ամենը զուգորդելով երգի, նվագածության, պարի, կատակային միջնարարների (միմական ինտերմեդիա) և կրկեսային-բուֆոնադային (տես Բուֆոնադ) տեսարանների հետ: Կոմեդիա դելլ արտեին հատուկ է եղել կերպարների երգիծական- գրոտեսկային խտացումը, դիմակների որոշակի կազմով ու քանակով: Վերջիններս ունեցել են իրենց մշտական անունները՝ Պանտալոնն (բուրժուա, վաճառական), Կապիտան (զինվորական, ազնվական), Դոկտոր (կեղծ գիտնական), ծառաներ՝ Առլեկին, Բրիգելլա, Պուլչինելլա, Սկամարուչչա, Տարտալյա ևն: Կոմեդիա դելլ արտեի որոշ արտահայտչաձևեր և բեմադրական եղանակներ օգտագործել են XX դարասկզբի թատերական արվեստի նորարարները (Վ. Մեյերխոլդ, Ա. Թսփրով, Ե. Վախ- թանգով):



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png