Կոլոկոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կոլոկոլի» առաջին համարի առաջին էջը, Լոնդոն, 1857 թ.

Կոլոկոլ (ռուս.՝ «Колокол», «Զանգ»), ռուսական հեղափոխական առաջին թերթը։ Հրատարակել են Ալեքսանդր Գերցենը և Նիկոլայ Օգարյովը 1857—1865-ին՝ Լոնդոնում, 1865—1867-ին՝ Ժնևում (սկզբում որպես «Պոլյարնայա զվեզդա» տարեգրքի հավելյալ թերթիկ)։

«Կոլոկոլի» հիմնադիրներ Օգարյովն ու Գերցենը, 1861 թ. ամառ

«Կոլոկոլ»-ի ծրագիրը նախատեսում էր գյուղացիության ազատագրում և համայնքային հողատիրություն, գրաքննության և մարմնական պատիժների վերացում։ 1861-ի գյուղացիական ռեֆորմից հետո վճռականորեն կանգնել է հեղափոխական դեմոկրատիայի դիրքերում՝ ընդդեմ լիբերալիզմի։ «Կոլոկոլ»-ում են տպագրվել Գերցենի և Օգարյովի՝ ռեֆորմը մերկացնող և դատապարտող հոդվածները, թռուցիկներ, ռուսական հեղափոխական ընդհատակի փաստաթղթեր։ Խմբագրության կապը ռուսական հեղափոխական մտավորականության հետ նպաստեց վերջինիս համախմբմանն ու «Զեմլյա ի վոլյա» գաղտնի ընկերության ստեղծմանը։ «Կոլոկոլ»-ի թղթակիցներից և տարածողներից են եղել Նիկոլայ Դոբրոլյուբովը, Ն. Սերնո-Սոլովևիչը, Մ. Միխայլովը, դեկաբրիստներ, գրողներ (Ի. Ակսակով, Յ. Սամարիկ, Ա. Կոշելև, Իվան Տուրգենև), երիտասարդ վտարանդիներ։ 1867—69-ին հրատարակվել են. «Колокол. Прибавочный лист к первому десятилетию», «Колокол. Pyccкoe прибавление» (6 համար) և «Supplement du Kolokol» ֆրանսերեն։

1870-ին Օգարյովը և Ս. Նեչաևը լույս են ընծայել «Կոլոկոլ»-ի ևս 6 համար, որոնք զգալիորեն տարբերվում էին գերցենյան «Կոլոկոլ»-ից։

Թերթն անդրադարձել է նաև Թուրքիայում ապրող հայերի վիճակին։ Միքայել Նալբանդյանը բարեկամական կապեր է ունեցել «Կոլոկոլ»-ի շուրջ համախմբված ռուս հեղափոխական դեմոկրատների հետ (Գերցեն, Օգարյով, Բակունին, Սերնո-Սոլովևիչ և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png