Կոլլագենային թելեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլլագենային թելեր (fibrae collagenosae), ապահովում են շարակցական հյուսվածքի ամրությունը։ Փուխր չձևակերպված թելակազմ շարակցական հյուսվածքում կոլլագենային թելերը դասավորված են տարբեր ուղղություններով

  • ալիքաձև,
  • կորացած,
  • պարուրաձև,
  • փաթաթված,
  • կլոր կամ տափակ ձգանների ձևով,

որոնց հաստությունը 1-3 մկմ և ավելի է, իսկ երկարությունը՝ փոփոխական։ Կոլլագենային թելերի ներքին կառուցվածքը ներկայացված է ֆիբրիլյար սպիտակուց կոլլագենով, որը սինթեզվում է ֆիբրոբլաստների հատիկավոր էնդոպլազմատիկ ցանցի ռիբոսոմներում։

Տարբերում են կոլլագենի 12 տիպ, որոնք բնորոշվում են իրենց մոլեկուլյար կազմավորումով, օրգանային և հյուսվածքային պատկանելիությամբ։ Առաջին տիպը հանդիպում է մաշկի, ոսկրերի, աչքի եղջրաթաղանթի, սկլերայի զարկերակների պատերի շարակցական հյուսվածքներում։ Երկրորդ տիպը՝ հիալինային ֆիբրոզաճառներում, ապակենման մարմնում, երրորդ տիպը՝ սաղմի բուն մաշկի, խոշոր արյունատար անոթների պատերում, ռետիկուլյար թելերում, չորրորդ տիպը՝ հիմնային թաղանթներում, ոսպնյակի պատիճում, հինգերորդ տիպը՝ որպես արտաքին բջջային կմախք, շրջապատում է ֆիբրոբլաստներին, էնդոթերիալ և հարթ մկանային բջիջները։ Կոլլագենի 6-12 տիպերը լավ չեն ուսումնասիրված։ Թելերից անջատված կոլլագենի մոլեկուլներն ունեն 280 նմ երկարություն և 1,4 նմ լայնություն։ Տեղադրությունից կախված՝ կոլլագենային թելի կազմության մեջ կարող են մտնել տասնյակ ֆիբրիններ, որոնք կազմում են մինչև 150 մկմ հաստությամբ խրձեր։ Կոլլագենային թելերը թույլ առաձգական են, ամուր են, ջրում ջլերը 50%-ով ուռչում են, իսկ նոսր հիմքերում ու թթուներում՝ մինչև 10 անգամ, միաժամանակ՝ 30%-ով կարճանում։ Կոլլագենային թելերը եփելուց առաջանում է սոսնձանման նյութ (հուն. kolla՝ սոսինձ), որտեղից էլ ծագել է թելերի անվանումը։