Կոլեկտորային մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլեկտորային մեքենա

Կոլեկտորային մեքենա, էլեկտրական մեքենա, (գեներատոր, շարժիչ), որի ռոտորի փաթույթը միացված է կոչեկաորի հետ։ Տարբերում են հաստատուն և փոփոխական հոսանքի կոլեկտորային մեքենաներ։ Հաստատուն հոսանքով կոլեկտորային մեքենաները բավականաչափ տարածված են, սակայն կոլեկտորը սահմանափակում է նրանց հզորությունը (մինչև մի քանի Մվտ) և լարումը (մինչև 1, 5 կվ)։ Փոփոխական հոսանքի կոլեկտորային մեքենաներում կոլեկտորը ծառայում է որպես հաճախականության մեխանիկական փոխակերպիչ։ Կոլեկտորային գեներատորը կիրառվում է հիմնականում որպես եռաֆազ փոփոխական հոսանքի աղբյուր, որը հնարավորություն է տալիս կարգավորել հոսանքի հաճախականությունը՝ անկախ գեներատորի ռոտորի պտտման հաճախականությունից։ Կոլեկտորային շարժիչները (միաֆազ և եռաֆազ), ի տարբերություն ոչ կոլեկտորայինի, ունեն կարգավորման ճկուն բնութագրեր, սակայն ավելի թանկ են, ծանր ու պակաս հուսալի։ Փոքր հզորության միաֆազ շարժիչները կիրառվում են կենցաղային էլեկտրասարքերում։ Մինչև մի քանի կվտ հզորության եռաֆազ շարժիչները գլխավորապես օգտագործվում են արագության կարգավորման լայն տիրույթով էլեկտրահաղորդակներում։ Հաճախականության կոլեկտորային փոխակերպիչները մտնում են էլեկտրա-մեքենայական կասկադների կազմի մեջ, ինչպես նաև օգտագործվում են ասինխրոն շարժիչների լարման և հոսանքի ֆազերի շեղման կոմպենսացման համար։ Կիսահաղորդչային տեխնիկայի զարգացմանը զուգընթաց կոլեկտորային փոխակերպիչներին Փոխարինում են ավելի հեռանկարային հաճախականության կիսահաղորդչային ստատիկ Փոխակերպիչները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png