Կոլեկտիվիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլեկտիվիզմ, սոցիալիստական և կոմունիստական հասարակական հարաբերությունների բնորոշ գիծ, կոմունիստական բարոյականության սկզբունք, որը բացահայտում էր առանձին անհատի ու հասարակության, անձնավորության ու կոլեկտիվի փոխհարաբերությունները։ Հակադիր էր անհատապաշտությանը։ Կոլեկտիվի դրսևորումներն առկա են եղել նախնադարյան հասարակությունում։ Բուրժուական հասարակությունում կոլեկտիվը ձևավորվում էր կապիտալիզմի դեմ պրոլետարիատի համատեղ գործունեության ընթացքում։ Սոցիալիստական հասարակությունում կոլեկտիվը դառնում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում մարդկանց հարաբերությունների կարգավորման համընդհանուր սկզբունք, մարդու բարոյական վարքի կարևորագույն պահանջ։ Սոցիալիստական կոլեկտիվի սոցիալական հիմքը արտադրության միջոցների հանրային սեփականությունն էր և շահագործման վերացումը։ Կոլեկտիվը ենթադրում է հասարակության և անհատի այնպիսի հարաբերություններ, որի առկայությամբ հասարակության զարգացումը բարենպաստ պայմաններ է ստեղծում անհատի բազմակողմանի զարգացման համար, իսկ վերջինիս զարգացումը ամբողջ հասարակության առաջընթացի պայման է։ Կոլեկտիվի սկզբունքից բխող հիմնական պահանջներն են՝ ընկերական փոխօգնությունը, հասարակության հանդեպ պարտքի գիտակցումն ու կատարումը, հասարակական շահերի գիտակցական համակցումը անհատականին, կոլեկտիվի ու նրա որոշումների նկատմամբ հարգանքը։ Ամեն ոք պատասխանատու է ոչ միայն իր կյանքի և արարքների, այլև կոլեկտիվի, ուրեմն և ողջ հասարակության ճակատագրի համար։ ԽՍԿԿ ծրագիրը նպատակ էր դնում կյանքի բոլոր բնագավառներում կոլեկտիվիստական սկզբունքների հաստատումը։ Կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսի առանցքը կոլեկտիվի սկզբունքն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png