Կոագուլացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոագուլացում (< լատ. coagulatio — թանձրացում, մակարդում), մակարդում, դիսպերս համակարգերի և հատկապես կոլոիդների համակարգերի մասնիկների միաձուլում՝ դրանց բախումների ժամանակ։ Կոագուլացման դեպքում մանր (առաջնային) մասնիկների կուտակումից առաջանում են ավելի խոշոր (երկրորդային) մասնիկներ՝ ագրեգատներ։ Կուտակումներում առաջնային մասնիկները միացած են միջմոլեկուլային փոխազդեցության ուժերով կամ դիսպերս միջավայրի շերտով։ Կոագուլացումն ինքնաբերաբար ընթացող պրոցես է, որի շարժիչ ուժը համակարգի ազատ էներգիան փոքրացնելու ձգտումն է։ Բայց դա գործնականորեն ոչ միայն դժվար է, այլ երբեմն նաև անհնարին, քանի որ համակարգի ագրեգատային կայունությունը ապահովող մի շարք գործոններ (մասնիկների լիցքը, հաստ սոլվատային թաղանթը, մակերեսային ակտիվ նյութերի ներկայությունը և այլն) խանգարում են մասնիկների միացմանը։ Հետևաբար կոագուլացումն առաջացնելու համար անհրաժեշտ է արտաքին միջամտությամբ փոքրացնել համակարգի ագրեգատային կայունությունը, որը կատարվում է լույսի, ջերմության դիալիզի և տարբեր հավելույթների (հատկապես էլեկտրոլիտների) միջոցով։ Առավել չափով ուսումնասիրված է էլեկտրոլիտների ազդեցությունը կոագուլացման վրա։ Կոագուլացման շեմք է կոչվում էլեկտրոլիտի նվազագույն կոնցենտրացիան, որը որոշակի ժամանակահատվածում կոագուլացում է առաջացնում։ Կոագուլացումն ուղեկցվում է մանր մասնիկների աստիճանաբար խոշորացմամբ (ագրեգատների չափերի և զանգվածների մեծացմամբ) և դիսպերս միջավայրի (հեղուկի կամ գազի) ծավալում դրանց թվի փոքրացմամբ։ Տարբերում են կոագուլացման երկու փուլ՝ 1. թաքնված կոագուլացում, երբ համակարգը կորցնում է իր ագրեգատային կայունությունը և մասնիկները իրար հետ ձուլվում են, 2. բացահայտ կոագուլացում, երբ գոյացած ագրեգատները նստում են։ Եթե կոլոիդ մասնիկները հեղուկի կաթիլներ են կամ գազի բշտիկներ, ապա կոագուլացումն ավարտվում է դրանց կոալեսցենցմամբ։ Տարածված երևույթ է բնական դիսպերս համակարգերում և կարևոր դեր է խաղում երկրաբանական և հողում ընթացող պրոցեսներում։ Օգտագործվում է նավթը դեէմուլգացնելու, խմելու ջուրը և օդը կախույթներից և մանրէներից մաքրելու համար։ Կոագուլացումը կարևոր նշանակություն ունի նաև կենսաբանական դիսպերս համակարգերի (արյուն, ավիշ և այլն) կայունության հարցերն ուսումնասիրելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png