Կյուրապաղատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Seal of Michael Kontostephanos, duke of Antioch, 1055.jpg

Կյուրապաղատ, ճիշտը՝ Կուրոպաղատ, բյուզանդական աստիճան և պաշտոն 5-14-րդ դարերում, շնորհովի, ոչ ցմահ։

5-րդ դարի սկզբին Կյուրապաղաներ էին կայսերական պալատի նյութամատակարարմամբ զբաղվող պաշտոնյաները։ Այնուհետև Կյուրապաղատ Պոլսում առաջացել է Կյուրապաղատների նոր խումբ, որն առնչություն չուներ վերոհիշյալ պաշտոնյաների հետ։ Կյուրապաղատ պալատական բարձրաստիճան պաշտոնյա էր, կայսեր, պահակախմբի հրամանատարը։ 6-րդ դարի Կյուրապաղատ պալատական աստիճանակարգում երրորդն էր։ 7-րդ դարի Կյուրապաղատներ էին գլխավորապես թագավորող ընտանիքի անդամները։ 8-րդ դար Կյուրապաղատ կորցրել է իրական նշանակությունը՝ վերածվելով սովորական պատվաստիճանի։ 9-րդ դարի վերջից Կյուրապաղատի տիտղոսը հասարակացել է մասամբ նրանով, որ սկսել է շնորհվել օտարերկրացի (հայ, վրացի և այլն) իշխանավորներին։ 11-րդ դարում ստեղծվել է առաջին Կյուրապաղատի (պրոտոկուրոպաղատ) տիտղոս։ Կյուրապաղատները պետությունից ստացել են ռոճիկ (10-րդ դար շուրջ 401 ոսկի՝ 2880 դահեկան), ունեցել գրասենյակ՝ կուրոպալատիկոն։ Կյուրապաղատի կինը կոչվել է կուրոպալատիսսա, անցյալում այդ աստիճանը կրողը՝ ապոկուրոպաղատ։

Բյուզանդական կայսրությունում եղել են հայազգի բազմաթիվ Կյուրապաղատներ Արտավազդ (8-րդ դար), Վարդ (9-րդ դար), Լևոն Փոկաս, Վարդաս Մկլերոս (10-րդ դար) Կատակալոն Կեկավմենոս (11-րդ դար), Վահրամ (12-րդ դար) ևն։ 7-13-րդ դարերում Կյուրապաղատի տիտղոս են ստացել նաև Հայաստանի ու Կիլիկիայի շատ իշխանավորներ՝ Համազասպ Մամիկոնյան, Սմբատ Բագրատունի, Դավիթ Սահառունի (7-րդ դար), Դավիթ Կյուրապաղատ (10-րդ դար), Փիլարտոս Վարաժնունի (նաև՝ պրոտոկուրոպաղատ, 11-րդ դար), Գրիգոր Պահլավունի (12-րդ դար), Աբդլմսեհ Արծրունի (պրոտոկուրոպաղատ, 11—12-րդ դարեր) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png