Կլիմաքս (ֆիզիոլոգիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլիմաքս (հուն. κλιμακτήρ—բառացի՝ սանդուղքի աստիճան, տարիքային շրջադարձ), կլիմակտերիկ շրջան, անցումային շրջան սեռական հասունությունից դեպի ծերություն:

Կլիմաքսը կանանց մոտ[խմբագրել]

Արտահայտվում է դաշտանային ցիկլի պարբերականության խանգարմամբ, մինչև լրիվ ընդհատում, որը վկայում է կնոջ կյանքում նոր շրջանի՝ դաշտանադադարի (մենոպաուգա) սկիզբը: Սովորաբար լինում է 45—54 տարեկանում, հաճախ՝ 47 տարեկանում և շարունակվում 15—18 ամիս: Սակայն երբեմն նկատվում է նաև վաղաժամ կլիմաքս(մինչև 40 տարեկանը) և ուշացած կլիմաքս (55 տարեկանից հետո): Վաղաժամ կլիմաքսի պատճառներն են՝ ձվարանների առաջնային անբավարարությունը (ուշացած դաշտան՝ 17—18 տարեկանում), կյանքի ծանր պայմանները, վարակիչ հիվանդությունները, հոգեկան ցնցումները, կոնստիտուցիոն և ժառանգական նախատրամադրվածությունը: Ուշացած կլիմաքսը լինում է փոքր կոնքում առաջացած կանգային երևույթների, արգանդի մկանային ուռուցքների (ֆիբրոմիոմաներ) դեպքերում: Դաշտանը կարող է դադարել միանգամից կամ աստիճանաբար: Կլիմակտերիկ շրջանում հաճախ նկատվում են արգանդային արյունահոսություններ, որոնք պայմանավորված են ձվարանների ֆունկցիաների խանգարումներով և դրանցում դեղին մարմնի առաջացմամբ: Կլիմաքսի հիմքում ընկած են կնոջ օրգանիզմում ցիկլային պրոցեսները կարգավորող մի շարք համակարգերի (ներառյալ կենտրոնական նյարդայինը՝ հիպոթալամուս, դիէնցեֆալ շրջան, հիպոֆիզ) և ձվարանների բարդ փոփոխությունները, որոնց հետևանքով ձվարաններում դադարում է ֆոլիկուլների հասունացումը և ձվազատումը (օվուլյացիա): Սակայն երբեմն դաշտանադադարից հետո ձվազատումը կարող է շարունակվել որոշ ժամանակ, իսկ ցիկլային փոփոխությունները կարգավորող հորմոնների արտադրությունը՝ նույնիսկ տարիներ: Կանանց մեծամասնության կլիմաքսը ընթանում է հարթ և չի ուղեկցվում հիվանդագին երևույթներով: Ձգձգվող կամ շացած կլիմաքսի դեպքում կարող են նկատվել արյունահոսություն կամ մի շարք խանգարումներ, որոնք՝ հայտնի են «կլիմակտերիկ սինդրոմ» անվանումով: Նկատվում է առավելապես վաղ գարնանը և կապված է գարնանային հիպովիտամինոզի և արևային ճառագայթման նվազման հետ: Հիմնական գանգատը հանկարծակի առհոսումներն են, որոնք արտահայտվում են դեմքի, պարանոցի, ծոծրակի հանկարծակի կարմրությամբ, այրոցի զգացումով, քրտնարտադրությամբ: Առաջանում է գլխապտույտ, գլխացավ, սրտի թրթռոց, գրգռվածություն, անքնություն, վախի զգացում, ընկճվածություն, երբեմն՝ արյան ճնշման բարձրացում, ցավեր սրտի շրջանում, ծնկահոդերում:

Բուժումը[խմբագրել]

Ընդհանուր դիմադրողականության բարձրացում (լիարժեք հիգիենային ռեժիմ, դիետա, A,B,C խմբի վիտամիններ), գալվանացում, ջրաբուժություն, հորմոնաբուժություն (էստրոգեններ, անդրոգեններ և վերջիններիս զուգորդումները), ֆիզկուլտուրա և սպորտ:

Կլիմաքսը տղամարդկանց մոտ[խմբագրել]

Սովորաբար սկսվում է 50—60 տարեկանում, երևույթները թույլ են արտահայտվում, սակայն ավելի երկարատև են: Կլիմակտերիկ սինդրոմն ընթանում է նյարդա֊վեգետատիվ, սիրտանոթային և հորմոնային խանգարումներով, ուղեկցվում անքնությամբ, հիշողության թուլացմամբ, վախի զգացումով, աշխատունակության իջեցմամբ: Կարող է առաջանալ գլխապտույտ, ուշաթափություն, պուլսացիա գլխում, դեպի գլուխը և դեմքը ջերմության առհոսում, սրտի շըրջանի ցավեր, արյան ճնշման բարձրացում: Սեռական զգացումները և կարողությունները թուլանում են, սակայն որոշ դեպքերում կարող են պահպանվել:

Բուժումը[խմբագրել]

Հորմոնների (անդրոգեններ) օգտագործումն է:

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png