Կիրիլ Շչոլկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ Շչոլկին
Кирилл Щёлкин
Ծնվել էմայիսի 4 (17), 1911
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 8, 1968(1968-11-08)[1] (57 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմիջուկային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՏավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան (1932)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս Սոցիալիստական աշխատանքի հերոս Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
Լենինյան մրցանակ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կիրիլ Շչոլկին, ծնունդով` Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան[2] (ռուս.՝ Кирилл Иванович Щёлкин, մայիսի 4 (17), 1911, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 8, 1968(1968-11-08)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի ֆիզիկաքիմիկոս, գազերի այրման և ճայթյունի տեսության ստեղծողներից, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1953), ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ Ատոմային նախագծի առաջատար գիտնականներից մեկը[3]։ «Խորհրդային առաջին ատոմային ռումբի փորձարկման կնքահայրը»[4], Սոցիալիստական աշխատանքի միակ եռակի հայ հերոս։

Նա աչքի է ընկել առաջին խորհրդային միջուկային զենքի՝ RDS-1 և առաջին ջերմամիջուկային զենքի պայթեցման գործընթացում իր աշխատանքով և իր դերով, նաև որպես միջուկային զենքի մշակման «Չելյաբինսկ-70» (Ուրալ) խորհրդային կենտրոնի առաջին գիտական ղեկավար։

Ծագում և ազգանուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի բերումով հողաչափ հոր՝ Հովհաննես Եփրեմի Մետաքսյանի ընտանիքը բնակվել է տարբեր քաղաքներում՝ Թբիլիսիում, որտեղ էլ 1911 թվականի մայիսի 17-ին ծնվել է Կիրակոս Մետաքսյանը։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Ղրիմի Բելոգորսկ, Հայաստանի Նոր Բայազետ (ներկայումս՝ Գավառ), Սմոլենսկ և այլն։ Այս բնակավայրերում են անցել Կիրակոսի մանկության և պատանեկության տարիները։

Մետաքսյան ազգանունը նա ժառանգել է մետաքսի առևտրով զբաղվող գողթնեցի պապից, որը գաղթել էր Ղրիմի Կարսու-բազար (Բելոգորսկ) քաղաք և շարունակում էր պապերի արհեստը, և որին լավ էին ճանաչում հատկապես Ղրիմի բնակիչները, որտեղ հայ առևտրականներն ազատ ու շահավետ առևտուր էին անում։

Չնայած պահպանված կենսագրական տվյալներին, հայերենով ազատ հաղորդակցվելուն, Շչոլկինի հայկական ծագումը երկար տարիներ թաքցվել է, քանի որ նա ատոմային զենքի ստեղծողներից էր ու ընտանիքի գտնվելու վայրը հույժ գաղտնի է եղել։ Իսկ նրա ռուսերեն անուն-ազգանունը հայերենի բառացի ռուսիֆիկացված տարբերակն է. Կիրակոսը` Կիրիլ, Մետաքսյանը` Շչոլկին կամ Շչելկին։ Ազգությամբ ոչ ռուս նշանավոր մարդու նկատմամբ այս վերաբերմունքը հատուկ էր Խորհրդային իշխանությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան տարիներին կորցնելով հորը, Կիրակոս Մետաքսյանը վերադարձել է ծնողների ծննդավայր՝ Ղրիմի Բելոգորսկ հայաշատ քաղաք, աշխատել է պետական տնտեսությունում, միաժամանակ սովորել ու ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1928 թվականին Մետաքսյանն ընդունվել է Ղրիմի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-տեխնիկական ֆակուլտետ։ Այնուհետև ուսումը շարունակել է Լենինգրադի ԽՍՀՄ ԳԱ առընթեր Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում՝ նախընտրելով այրման ուսումնասիրությունը։ Նա փորձեր է կատարել նոր, նախադեպը չունեցող ինքնուրույն մեթոդներով և մեծ ճշգրտությամբ[4]։

1938 թվականին Մետաքսյանը ստացել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1940 թվականին Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի դոկտորանտ էր։

Գիտական ներդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հունիսի 22-ին նա կամավոր մեկնել է ռազմաճակատ, սակայն մի քանի ամսից հետ է կանչվել` որպես ռազմական արդյունաբերության համար կարևոր գիտնական։ Նա ուղարկվել է Կազանի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։ Այրման ու պայթյունի ֆիզիկայի ասպարեզում նրա կատարած փորձերը վճռորոշ նշանակություն են ունեցել ԽՍՀՄ-ում միջուկային զենքի ստեղծման գործում։

ԽՍՀՄ ուրանային նախագծի գիտական հիմքերի մշակման ղեկավարներ ակադեմիկոս Ա. Ալիխանովի և Կուրչատովի հետ միասին Շչոլկին-Մետաքսյանը ստեղծել են Եվրոպայում առաջին ցիկլոտրոնը։ ԽՍՀՄ-ն իր գաղտնի փորձերը կատարում էր Արագած լեռան վրա կառուցված փակ լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրվում էին տիեզերական ճառագայթների կազմում պրոտոնների առկայությունը։

«Ուրանային նախագծի «աշխատանքները վերսկսելու նպատակով[5] 1942 թվականին Ա. Ալիխանովը հետ է կանչվել Մոսկվա, և 1943 թվականի սկզբին նրան ուղարկել են «Օբյեկտ« կամ, ինչպես ընդունված էր ասել, տվել են «փոստարկղի համար…»։

1945 թվականին Ա. Ալիխանովը ստեղծեց նոր լաբորատորիա։ Նրա ղեկավարությամբ լաբորատորիան իրականացրեց ջրի դանդաղեցուցիչով աշխատող ռեակտորի կառուցումը։ Այդ ժամանակ ԱՄՆ-ում ընթացքի մեջ էին ատոմային ռումբի ստեղծման ինտենսիվ աշխատանքները։ ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի Նագասակի և Հիրոսիմա քաղաքների վրա ատոմային ռումբի նետումից հետո ԽՍՀՄ-ում արագացվել էին ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները։ Այդ նպատակով կազմված հատուկ ատոմային կոմիտեի և գիտական խորհրդի կազմում ընդգրկվեցին ակադեմիկոսներ Ա. Իոֆեն, Ի. Կուրչատովը, Պ. Կապիցան, Ա. Ալիխանովը, գիտխորհրդի նախագահ Բ. Վաննիկովը։

Կուրչատովը և ատոմային նախագծի մյուս առաջատար գիտնականները, որոնց վստահում էր Բերիան՝ Իոֆեն, Ալիխանովը, Կիկոինը, Արցիմովիչը, Խարիտոնը և Շչելկինը, որոնց թույլատրվեց աշխատել NKVD-ի նյութերի հետ, ոչ միայն եզրակացություններ էին պատրաստում այդ նյութերի վերաբերյալ, այլև ձևակերպում էին առաջադրանքներ արտասահմանում գործող հետախույզների համար[3]։

Կուրչատովի պահանջով Մետաքսյան-Շչոլկինը «Օբյեկտում» զբաղվում էր ատոմային ռումբի հետ կապված աշխատանքներով։ «Օբյեկտում» ռումբի ավտոմատիկայի համակարգի մշակման ղեկավարը Ս. Գ. Քոչարյանցն էր, տնտեսության գծով ղեկավարը Խ. Կոստանդյանը, իսկ Շչոլկինը և' գիտահետազոտական սեկտորի ղեկավարն էր, և' գլխավոր կոնստրուկտորի առաջին տեղակալը։ Շչելկինն այն մարդն էր, որ ամեն ինչ գիտեր ատոմային ռումբի պայթյունի, դրա մանրամասների մասին, և 35 տարեկանում պաշտպանած դոկտորական թեզն էլ հենց ատոմային ռումբի պայթուցիչների մասին էր[4]։

ԽՍՀՄ ատոմային ռումբի առաջին փորձարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականի օգոստոսի 29-ին ատոմային ռումբը Սեմիպալատինսկ ռազմակայանում հաջողությամբ փորձարկվել է։ Այդ պահին էր, որ պետական հանձնաժողովի նախագահի պահանջով Կուրչատովը հայտարարել է.

Դե ինչ, ռումբն արդեն անուն ունի, թող ունենա նաև կնքահայր՝ Շչոլկին ազգանվամբ[4]։

Ատոմային առաջին ռումբի փորձարկումը կրեց Շչոլկինի անունը։ Շչոլկինին շնորհվեց Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։ Երկրորդ անգամ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում Շչոլկինին շնորհվեց 1951 թվականին՝ Խորհրդային զինված ուժերի սպառազինման մեջ ներդրած ավիառումբի համար։ 1955 թվականին կազմակերպվեց «Արզամաս-16»-ի կրկնօրինակը՝ «Չելյաբինսկ-70»-ը, որի գիտական ղեկավարը և գլխավոր կոնստրուկտորը դարձավ Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան-Շչոլկինը, իսկ գլխավոր ղեկավարը` Ս. Գ. Քոչարյանցը։

Այնուհետև մինչև 1958 թվականը «Արզամաս-16»-ում ստեղծվեց առաջին ջրածնային ռումբը։

1958 թվականի սեպտեմբերի 12-ին ջրածնային ռումբի հաջող փորձարկումից հետո Մետաքսյան-Շչելկինը երրորդ անգամ արժանացավ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Նա չորս անգամ արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի և մեկ անգամ՝ Լենինյան մրցանակի։ 1958 թվականին Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան-Շչոլկինն ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Մետաքսյանը հույժ գաղտնի պայմաններում եղել է Թբիլիսիում Սերգեյ Քոչարյանցի հետ՝ նրա հայրենի Գավառում։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1957 թվականից Մետաքսյանի մոտ սկսել էին ի հայտ գալ սրտի հիվանդության նշաններ։ 1960 թվականին Մետաքսյան-Շչոլկինի առողջությունը վատթարացել է։ Նա վերադարձել է Մոսկվա` նախկին ծառայության վայրը` Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, հրապարակել է մի շարք գիտական ծավալուն հոդվածներ ու գրքեր, մասնավորապես` «Միկրոաշխարհի ֆիզիկան» և «Գազի այրման դինամիկան», երկուսն էլ հրատարակվել են 1965 թվականին։ 1960 թվականին 49 տարեկան հասակում նրան նշանակվել է Միութենական անհատական թոշակ։

Ծանր հիվանդ էր Մետաքսյանը, երբ նրան այցելել է Կուրչատովը։ Դրանից երկու օր անց Մետաքսյանը մահացել է։ Լուրից մեծապես ազդվել է Կուրչատովը, սակայն չի կարողացել մասնակցել թաղմանը։

Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան-Շչոլկինը մահացել է 1968 թվականի նոյեմբերի 12-ին։

Ճանաչում և մեծարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան 60-ամյակի օրը Ղրիմի Բելոգորսկ քաղաքի թիվ 1 դպրոցի պատին փակցվել է նրա բրոնզե հուշաքանդակը, Ղրիմի նորաստեղծ քաղաքներից մեկն անվանվել է Շչոլկինո։

Մետաքսյանը համարվում է «Չելյաբինսկ-70» (ներկայիս Սնեժինսկ) քաղաքի երկու հիմնադիրներից (1955) մեկը։ 2011 թվականին նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ քաղաքի կենտրոնական հրապարակի ծառուղում տեղադրվել է Կիրիլ Շչոլկին կիսանդրին[6]։

2011 թվականին Ռուսաստանը թողարկել է նամականիշ ի պատիվ Շչոլկինի 100-ամյակի հիշատակին[7]

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում քչերին է հայտնի Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան-Շչոլկին անունը։ Շչոլկինի հայկական ծագումը երկար տարիներ թաքցվել է, քանի որ նա ատոմային զենքի ստեղծողներից էր ու նրա գտնվելու վայրը հույժ գաղտնի է եղել։ Դրան նպաստել է անուն-ազգանվան բառացի ռուսիֆիկացումը. Կիրակոսը` Կիրիլ, Մետաքսյանը` Շչոլկին կամ Շչելկին։ Հայաստանում դեռևս նրա հիշատակը որևէ կերպ չի անմահացվել։

Ներկայումս գաղտնազերծված է նրա աշխատանքների մի փոքր մասը միայն[8]։

Ուսում և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շչոլկինն ավարտել է Սիմֆերապոլի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը (1932 թ.), աշխատել է Մոսկվայի քիմիականֆիզիկայի ինստիտուտում՝ որպես լաբորատորիայի վարիչ, աշակերտել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ն. Սեմյոնովին։ 1946 թվականին նշանակվել է ատոմային, իսկ այնուհետև՝ ջրածնային ռումբերի ստեղծման գլխավոր կոնստրուկտորի և գիտական ղեկավարի պաշտոնում (Արզամաս-16), որից հետո հիմնադրել է Ուրալի միջուկային կենտրոնը։

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան-Շչոլկինը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Щёлкин Кирилл Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Մարտիրոսյան, Գրիգոր (2007). Շչոլկին Կիրիլ Իվանովիչ Մետաքսյան Կիրակոս Հովհաննեսի. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 Федоров, Юрий. «АТОМНЫЙ ГУЛАГ». ruslo.cz (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 LLC, Ayb Solutions. «ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲԻ «ԿՆՔԱՀԱՅՐԸ»». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
  5. «Постановления ГКО». www.soldat.ru. Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
  6. «Историческая справка - История города - Официальный сайт администрации города Снежинска». www.snzadm.ru. Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
  7. «Персоналии : Щёлкин К. И. — История Росатома». www.biblioatom.ru. Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
  8. Քիմիայի 12-րդ դասարանի դասագիրք

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]