Կինտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինտո, Դ. Ի. Երմակովի լուսանկար, 19-րդ դար

Կինտո, 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին տասնամյակում Վրաստանում և մասնավորապես Թիֆլիս քաղաքում տարածում ստացած անձնավորության տիպար։ Զբաղվել է մանրածախ առևտրով կամ էլ առանց որոշակի զբաղմունքի, զվարճասեր մարդ, հնարամիտ և խաբեբա, դուքյանների մշտական հաճախորդ։ Նախահեղափոխական Կովկասի քաղաքային մշակույթին բնորոշ տիպար լինելով՝ տարածված էին հատկապես Թիֆլիսում։ Կինտոյի կերպարը հանդես է գալիս Սունդուկյանի պիեսներում։

Շիրվանզադեն իր «Կյանքի բովից» հուշագրություններում գրում է

«Սունդուկյանցը մի առանձին համակրանք ուներ դեպի այն դասակարգը, որ կոչվում էր «կինտո» և որը տվել էր նրան Պեպոյի, Կակուլիի և Գիքոյի տիպերը։ Այդ դասակարգը բաղկացած է մրգավաճառներից, գինեվաճառներից, ձկնորսներից և այլն։

Նա ինքն ինձ պատմում էր, որ Պեպոյին գտել է ուղղակի փողոցում։ Տեսնելով կինտոյի զգեստով և բնորոշ դեմքով մի ձկնորս, հրավիրում է նրան իր տունը, հյուրասիրում թեյով, հետը զրույց է անում, բարեկամանում է և վերջը դառնում է նրա նորածինի կնքահայրը։

— Բայց անիրավը իր բարձր կոշիկների սուր մեխերով սենյակներիս հատակը ծակռտեց։ Լավ մարդ էր, ազնիվ — մեռավ խեղճը։ Իմ կնքած տղան հիմա մի գեղեցիկ երիտասարդ է. մի օր ցույց կտամ։ Ես Պեպոյին մի քիչ իդեալացրել եմ, խոստովանվում եմ, Կակուլին է կինտոյի իսկական տիպը։ Գիքոյի տիպն էլ կյանքից եմ վերցրել։»[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցե՛ք «կինտո» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։