Քերմանշահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կերմանշահից)
Քաղաք
Քերմանշահ
պարս.՝ کرمانشاه
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՔերմանշահ
ՇահրեստանՔերմանշահ
Մակերես97 կմ²
ԲԾՄ1350 մետր
Բնակչություն945 651 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ083
Փոստային դասիչ67146
Պաշտոնական կայքkermanshah.ir
Քերմանշահ (Իրան)##
Քերմանշահ (Իրան)

Քերմանշահ (պարս.՝ کرمانشاه, սորանի՝ کرماشان, քրդ.՝ Kirmanşah), (1979—1990 թթ. Բահտարան), քաղաք Իրանի արևմուտքում՝ Քերմանշահ օսթանում (նահանգում), վերջինիս վարչական կենտրոնը։ Հանդիսանում է նաև Քերմանշահ շահրեստանի վարչական կենտրոնը։ Գտնվում է մայրաքաղաք Թեհրանից մոտ 525 կմ հարավ-արևմուտք։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում էր 945 651 մարդ (2016)[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 946 651 մարդ, որոնք կազմում էին 286 484 տնտեսություն։ Քերմանշահը բնակչությամբ Քերմանշահ օսթանի ամենախոշոր[2] և Իրանի իններորդ ամենախոշոր քաղաքն է[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 125 439[4] 187 930[5] 560 514 624 084[3] 692 986[3] 784 602[6] 851 405[7] 946 651[8]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ըստ երևույթին հիմնադրվել է Սասանյանների գահակալության օրոք։ Ըստ առավել տարածված վարկածի` հիմնադիրը եղել է Սասանյան Վահրամ IV արքան (թագավորել է մ.թ. 388—399 թվականներին), որը երիտասարդ տարիներին եղել է Քերմանի կառավարիչը և կոչվել Քերման շահ, այստեղից էլ քաղաքի անունը[9]։ Այլ վարկածով քաղաքի հիմնադրվել է Կավադ I-ի կողմից (թագավորել է մ.թ. 488—496 և 498—531 թվականներին)[10]։

Քաղաքը գրավվել է արաբների կողմից 640 թվականին. արաբական աղբյուրներում այն հաճախ հիշատակվում է Քերմասին կամ Քերմաշին անվան տակ[9][10]։ Արաբների օրոք քաղաքը մասն է կազմել Ջիբալ կուսակալության` Դինավար քաղաքի հետ կազմելով Մահ ալ Քուֆա մարզը[11]։ Ավելի ուշ շրջանում հիշատակվում է որպես Ջիբալի չորս հիմնական քաղաքներից մեկը` Համադանի, Սպահանի և Ռեյի հետ մեկտեղ[10]։

Արաբական Աբբասյան խալիֆայության թուլացումից հետո Քերմանշահը 930-ական թվականներից անցել է Բուվայհիների ենթակայության տակ։ IX դարի երկրորդ կեսին և X դարի առաջին կեսին գտնվել է քրդական Հասանուիդների և Աննազիդների դինաստիաների իշխանության տակ։ 1045 թվականին գրավվել է սելջուկների կողմից[11]։ Սելջուկների ժամանակաշրջանում շարունակել է խաղալ կարևոր դեր` հանդիսանալով Բաղդադից Խորասան և Թավրիզից և Արդաբիլից դեպի հարավ տանող ճանապարհների խաչմերուկը[11]։

1197-1198 թվականներին քաղաքը թալանվել է Խորեզմշահերի էմիր Միանջոքի կողմից[11][10]։ 1257 թվականին դեպի Բաղդադ արշավանքի ընթացքում Հուլավուի գլխավորած մոնղոլական զորքերը գրավել և հիմնովին ավիրել են քաղաքը` կոտորելով բնակիչներին։ Քաղաքն այնպես է տուժել այդ արշավանքի արդյունքում, որ XIV դարում հիշատակվում է որպես գյուղ[11]։

Քաղաքի դերը սկսեց կրկին մեծանալ XVI դարից, երբ շրջանը դարձավ սահմանային գոտի` Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև մղված պայքարում[11]։ Այս ժամանակաշրջանում մեծ էր տեղական քրդական ցեղերի և նրանց առաջնորդների դերը։ Սկզբնական շրջանում մեծ էր քրդական Քալհոր ցեղի ազդեցությունը, սակայն XVII դարի կեսերից առավել ազդեցիկ էր Զանգանա ցեղը, որի ներկայացուցիչները զբաղեցնում էին տեղական կառավարիչի (խանի) պաշտոնը[11]։

Սեֆյանների թուլացումից հետո 1723 թվականին քաղաքն առանց դիմադրության գրավվել է օսմանյան թուրքերի կողմից, որոնք մինչև 1724 թվականը զբաղեցրել են նաև Համադանը, Արդալանը և Լոռեսթանը։ Նադիր Քուլին` ապագա Նադիր շահը, 1729 թվականին հետ է գրավել Քերմանշահը, սակայն նրա Խորասան հեռանալուց հետո օսմանները կրկին զբաղեցրել են քաղաքը։ 1732 թվականին Նադիրը կրկին անգամ պաշարել և գրավել է քաղաքը, ինչից հետո այն շարունակել է մնալ պարսկական վերահսկողության ներքո[11][10]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը դարձել է պատերազմող կողմերի պայքարի թատերաբեմ։ 1915 թվականին Իրան ռուսական զորքերի ներխուժման պայմաններում դարձել է դիմադրության շարժման` մոհաջերինների կենտրոններից մեկը։ Այստեղ են ապաստան գտել Թեհրանից փախած խորհրդարանի շատ անդամներ և ժանդարմների զորամիավորումներ։ 1915 թվականի դեկտեմբերին այստեղ է հաստատվել Ազգային պաշտպանության կոմիտեն, որը, սակայն, ռուսական առաջխաղացման պայմաններում ստիպված է եղել շուտով տեղափոխվել Բաղդադ։ Գեներալ Բարաթովի գլխավորած ռուսական զորքերը 1916 թվականի մարտին գրավել են Քերմանշահը, սակայն օսմանյան զորքերը գարնանը կարողացել են հետ մղել ռուսներին և, անցնելով հակահարձակման, հունիսին գրավել քաղաքը։ Թուրքերը թույլ են տվել վերադառնալ մոհաջերիններին և կազմել ժամանակավոր կառավարություն։ Բրիտանական զորքերի առաջխաղացման պայմաններում թուրքերը լքել են քաղաքը 1917 թվականին[11][10]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հանդիսանում է բավական խոշոր արդյունաբերական կենտրոն։ Գործում են նավթավերամշակման, տեքստիլ արդյունաբերության, սննդի վերամշակման, շաքարի արտադրության, գորգագործության, էլեկտրական սարքերի արտադրության և այլ ձեռնարկություններ[9]։ Քաղաքն ունի միջազգային օդանավակայան[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. «IRAN: Kermanshah» (անգլերեն). City Populations.
  3. 3,0 3,1 3,2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. «Իրանի 2006 թ. մարդահամարի արդյունքները» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. «Իրանի 2011 թ. մարդահամարի արդյունքները» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Kermānshāh (անգլ.)». Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Lambton, Ann K.S. (1978). «KIRMANSHAH». The Encyclopaedia of Islam, Volume V (Իսլամի հանրագիտարան, 5-րդ հատոր). Leiden: E.J. Brill. էջեր 167–171. ISBN 90-04-07819-3. Վերցված է 2022 թ. ապրիլի 8-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 «KERMANSHAH iv. HISTORY TO 1953». Encyclopædia Iranica (անգլ.).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերմանշահ» հոդվածին։