Կենտրոնական Տավրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենտրոնական Տավրոս
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
ԼեռնաշղթաՏավրոսյան լեռնահամակարգ
Մեծագույն գագաթKızılkaya?

Կենտրոնական Տավրոս, լեռնազանգվածների համալիր Թուրքիայում, Անատոլիա ծոցից հյուսիս-արեելք՝ մինչև Պյուրամոս (Ջեյհան) գետի ակունքները։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեկտոնական բեկվածքով՝ Ծամնդավի (Զամանթիի) կիրճով Կենտրանական Տավրոսը բաժանվում է 2 մասի՝ Անտիտավրոսի և Կիլիկյան Տավրոսի։ Կազմված է պալեոզոյի կրաքարա-թերթաքարային շերտախմբերից՝ ծածկված նեոգենի մերգելա-կրաքարային նստվածքներով։ Զարգացած են կարստային երևույթները։

Կիլիկյան Տավրոսը զուգահեռ շղթաների և աստիճանակերպ սեղանաձև զանգվածների համալիր է՝ մասնատված Մեդիսիզ, Տարսոս (Թարսուս), Չակիտ, Սարոս (Սեյհան), Պյուրամոս, Դյոքսու գետերի անտեցեդենտ միջանցիկ կիրճերով։ Տավրոսի լեռները դժվարամատչելի են, լեռնանցքներից նշանավոր է Կիլիկիայի դարպասները (Դրունք Կիլիկիո) կամ Գուկլակի կապանը (թուրք.՝ Կյուլեք-Բողազ), որի տակով է անցնում Բաղդադի երկաթուղու թունելը։ Բարձր գագաթներն են Կալդիդաղը (3734 մ), Մեդեդսիզը (3585 մ)։

Հարավ-արևելքում Կենտրոնական Տավրոսը ընդհատվում է Ադանայի իջվածքով, որի շարունակությունն են կազմում Մերսինի և Ալեքսանդրետի (Իսկենդերուն) ծոցերը։ Օգտակար հանածոներից կան բազմամետաղներ երկաթի, պղնձի երևակումներ, շինանյութեր։

Կենտրոնական Տավրոսի աշխարհագրական դիրքը, լեռնագրությունը պայմանավորում են լեռնային երկրի կլիմայական և լանդշաֆտային հակադրությունները։ Հյուսիս-արևմտյան լանջերն ու նախալեռները կրում են Անատոլական ցամաքային կլիմայի ազդեցությունը՝ ցուրտ ձմեռ, տաք և չոր ամառ, տարեկան 300-500 մմ տեղումներ։ Նախալեռնային սարավանդներում տարածված են գորշլեռնային, ցածրադիր, քարքարոտ լանջերում՝ չորատափաստանային լեռնա-շագանակագույն, բարձր լանջերում՝ լեռնա-անտառային դարչնագույն հողերը։ Լեռների բարձրադիր մասերը ծածկված են կաղնու, հաճարենու, եղևնու, սոճու, մայրու անտառներով, ավելի բարձր՝ մերձալպյան և ալպյան մարգագետիններով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային և հարավարևելյան լանջերը բնորոշվում են տիպիկ միջերկրածովային կլիմայով (տարեկան տեղումները՝ 1000-2000 մմ և ավելի)։ Լանջերն ունեն համատարած հարուստ անտառածածկ՝ լիբանանյան մայրի, կիլիկյան բրգաձև սոճի, ձիթենի, ընկուզենի, նշենի, մակվիս։ Հարթավայրերում և սարավանդներում կան շաքարեղեգի, բամբակենու, փյունիկյան արմավի պլանտացիաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 380