Կենսաբանական զենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենսաբանական զենքի նշան

Կենսաբանական զենք, հիմնականում պատոգենային միկրոօրգանիզմները կամ դրանց սպորները, վիրուսները, տոքսինները, վարակված կենդանիները և մարդիկ, ինչպես նաև դրանց մատակարարման միջոցները (օրինակ՝ հրթիռներ, օդանավեր և այլն), որոնք նախատեսված են թշնամուն կորուստներ ու վնասներ հասցնելու համար։ Կենսաբանական զենքը մասսայական ոչնչացման զենք է, ինչպես և քիմիական ու միջուկային զենքերը։

Պատմություն[խմբագրել]

Կենսաբանական զենք օգտագործել են նույնիսկ հին ժամանակներում։ Կենսաբանական զենքի ամենաառաջին օգտագործումը գրանցված է մ.թ.ա 6 դարում՝ ասորիների կողմից։ Այն օգտագործվել է նաև ժանտախտի տարածման ժամանակաշրջանում։ Այդ ժամանակ ամրոցների պարիսպներից ներս էին նետում ժանտախտով վարակված մարդկանց դիակները, որպեսզի բնակչության մեջ այդ հիվանդության համաճարակը ստեղծեն։ Կենսաբանական զենքը լայնորեն օգտագործվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հատկապես Մեծ Բրիտանիայի կոմից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Ալեքսանդր Մակեդոնացին մահացել է հենց կենսաբանական զենքի օգտագործման պատճառով։

Տարածվածություն[խմբագրել]

Ըստ որոշ տվյալների՝ կենսաբանական զենք կարող են ունենալ 14 երկիր, այդ թվում՝ Ռուսաստան, Իրաք, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Եգիպտոս, Իրան, Սիրիա, Իսրայել, Լիբիա, Հարավային Կորեա, Ֆրանսիա, Կանադա և Թայվան։ Դրանցից 5–ը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Կանադան պաշտոնապես հայտարարել են, որ ունեցել են կենսաբանական զենքի մշակման նախագծեր։

Չնայած դրան՝ բազմաթիվ երկրներ ընդունել են կենսաբանական զենքի չօգտագործման կոնվենցիան։ Այն ընդունվել է 1972 թվականին և սկսել է գործել 1975 թվականից։

Ախտածին միջոցներ[խմբագրել]

ԱՄՆ կենսաբանական զենքից պաշտպանության լաբորատորիայի 3-րդ դասի կաբինետի փորձագետները, Քեմփ Դեթրիք, Մերիլենդ, 1940-ականներ

Հիվանդածին միկրոօրգանիզմների հսկայական թվից որպես բակտերիաբանական միջոց կարող են օգտագործվել նրանք, որոնք ունեն զանգվածային հիվանդություն առաջացնելու ունակություն և անսահմանափակ քանակներով աճեցնելու հնարավորություն։ Դրանց թվին են պատկանում մարդկանց վարակման համար՝ ժանտախտի, սիբիրյան խոցի, բնական ծաղիկի, դեղին տենդի, բծավոր տիֆի, Քյու տենդի և այլ հարուցիչները, ինչպես նաև մի շարք միկրոօրգանիզմների (օրինակ՝ բոտուլիզմի) կենսագործունեության արգասիքները (թույները), գյուղատնտեսական կենդանիների վարակման համար՝ դաբաղի, խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի ժանտախտի և այլն, գյուղատնտեսական բույսերի վարակման համար՝ հացաբույսերի ժանգի, բրնձի պիրիկուլարիոզի, կարտոֆիլի ֆիտոֆտորոզի և այլ հարուցիչները։ Որոշ վարակիչ հիվանդությունների՝ հիվանդից առողջին փոխանցվելու հատկությունը, մարդկանց և կենդանիների համաճարակների տարածման հնարավորությունը, ինչպես նաև միջավայրում երկարատև պահպանվելու ունակությունը (օրինակ՝ սիբիրյան խոցը) պայմանավորում են կենսաբանական զենքի առանձնահատկությունները, որոնցով այն տարբերվում է զանգվածային ոչնչացման զենքի մյուս տեսակներից։ Վարակիչ հիվանդությունների առանձնահատկություն է նաև հիվանդության առաջացման գաղտնի շրջանի առկայությունը, որը տատանվում է մի քանի ժամից մինչև 20 (հազվադեպ՝ ավելի) օր։

Վարակում[խմբագրել]

Կենսաբանական զենքի կիրառման հիմնական եղանակը մթնոլորտի մերձգետնյա շերտի վարակումն է բակտերիային աերոզոլով՝ հրթիռների, ինքնաթիռների, հատուկ փոշեցրիչ սարքերի, ավիացիոն և հրետանային մարտագլխիկների և այլ միջոցներով։ Կենսաբանական զենքից վարակված մակերեսների չափերը կախված են զենքի օգտագործման եղանակից ու օդերևութաբանական պայմաններից։ Հնարավոր է նաև վարակված հոդվածոտանիների (տզեր) ու միջատների (լվեր, մոծակներ) օգտագործումը։ Չի բացառվում նաև կենսաբանական զենքի կիրառումը դիվերսիոն ճանապարհով (ջրամբարների, ջրատարների, օդափոխիչ համակարգերի, սննդամթերքի և այլն վարակում)։

Մարդը և կենդանիները վարակվում են շնչառական օրգանների, ստամոքսաղիքային համակարգի, վնասված և չվնասված մաշկածածկույթների միջոցով, ինչպես նաև միջատների ու տզերի խայթոցներից։

Վարակիչ հիվանդություններ տարածելու նպատակով թշնամին կարող է գնալու ժամանակ թողնել որոշ իրեր (օրինակ՝ հագուստ, սնունդ և այլն)։ Այս դեպքում թշնամին կվարակվի իրի հետ ուղղակի կապից։ Հնարավոր է նաև վարակիչ հիվանդությամբ հիվանդներին թողնել, որպեսզի նրանք դառնան բնակչության մեջ վարակի տարածման աղբյուրը։ Ռումբերի դեպքում առաջանում են բակտերիային ամպեր, որոնք տարածվում են քամիների միջոցով հեշտությամբ տարածում են հիվանդությունը։ Բակտերիային կամ վիրուսային միջոցներից վարակվելու ժամանակ հիվանդությունները միանգամից չեն արտահայտվում. նրանք ունենում են թաքնված ժամանակաշրջան։ Դրա ընթացքում հիվանդությունը ոչ մի արտաքին նշան չի ցուցաբերում։ Որոշ հիվանդություններ (օրինակ՝ ժանտախտ, խոլերա, սիբիրյան խոց և այլն) կարող են փոխանցվել առողջ մարդկանց միջոցով և դրա պատճառով արագ համաճարակներ են առաջացնում։

Պաշտպանություն[խմբագրել]

ԱՄՆ բանակի՝ վարակիչ հիվանդությունների բժշկական հետազոտությունների ինստիտուտի աերոբժշկական մեկուսացման թիմը (AIT), Ֆորթ Դեթրիք, Մերիլենդ, 2007թ

Կենսաբանական զենքից պաշտպանությունը հիմնականում բաղկացած է մի քանի գործողություններից, որոնք ուղղված են հարձակումը գրանցելու ու նրա հետևանքները իմանալու, վարակված օբյեկտների ախտահանման, ինչպես նաև անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու ու հարձակման հետևանքների վերացման վրա։ Պաշտպանությունը հիմնված է սովորական հակահամաճարակային միջոցառումների համակարգի վրա, որը համալրվում է միայն մի քանի հավելյալ հատուկ միջոցառումներով։

Կենսաբանական զենքի ազդեծության գոտիում հայտնված օբյեկտները սովորաբար չեն ախտահանում, քանի որ այդ ախտահանումը ավելի հեշտ տեղի է ունենում բնական արևահարման (ինսոլացիայի) ու այլ բնական գործոնների ներքո։ Միայն առաձնին դեպքերում կարող է անհրաժեշտ լինել ախտահանել որոշ կառույցներ, պահոցներ և մեծ տարածքներ, ինչպես նաև որոշ իրեր ու սնունդ։

Անհատական պաշտպանության ժամանակ կարևոր դեր է խաղում շնչառական ուղիների պաշտպանությունը։ Ամենահուսալի պաշտպանությունը ապահովում է սովորական հակագազը։ Կոլեկտիվ պաշտպանության դեպքում գործում են տարբեր տիպի ֆիլտրող սարքեր և օդի ախտահանման այլ միջոցներ։

Հետևանքների վերացում[խմբագրել]

միջուկային, կենսաբանական և քիմիական զենքից պաշտպանող M-17 տեսակի հակագազ

Բակտերիային վարակման օջախում (կենսաբանական զենքի ազդեցության տարածք) բակտերիաբանական զենքի օգտագործման փաստը հաստատելուց հետո անմիջապես սահմանվում է կարանտին։ Դա համաճարակային և ռեժիմային միջոցառումների համակարգ է, որի նպատակն է վարակված տարածքը (այնտեղ գտնվող մարդկանցով և կենդանիներով հանդերձ) շրջապատող միջավայրից մեկուսացնելը և հիվանդությունն օջախում վերացնելը։ Մուտքը բակտերիաբանական վարակված օջախ և այնտեղից ելքը խիստ վերահսկվում են։ Օջախից ելքի (մուտքի) անհրաժեշտության դեպքում բնակչությունը ենթարկվում է լրիվ սանիտարական մշակման։ Օջախում կարանտին սահմանելու պահից անցկացվում է անհետաձգելի կանխարգելում. բնակչությունն ստանում է հակաբիոտիկներ և այլ դեղանյութեր, որոնք նպաստում Են օրգանիզմ ներթափանցող վարակների հարուցիչների կանխարգելմանը, կատարվում են նաև կանխարգելիչ պատվաստումներ։

Բակտերիաբանական վարակված օջախում բնակչությունը պետք է խուսափի ավելորդ շփումներից, խստորեն պահպանի անձնական հիգիենայի և հասարակական հիգիենայի կանոնները, չօգտագործի կասկածելի որակի ջուր և սննդամթերք։ Օջախում զանգվածային հիվանդությունների առաջացման դեպքում բնակչությունը բաժանվում է առանձին խմբերի՝ տներում և բնակարաններում, օջախում հաստատվում է հակահամաճարակային խիստ ռեժիմ, կատարվում է ուժեղացված բժշկական հետազոտություն՝ համայց տներում, հիվանդների հայտնաբերում, ջերմաչափում։ Բնակչությունը պետք է ըստ ամենայնի օժանդակի բուժաշխատողներին, որը բարձրացնում է միջոցառումների արդյունավետությունը։ Տկարություն զգալիս և ջերմաստիճանը բարձրանալիս անմիջապես դիմել բուժօգնության։

Կիրառված բակտերիային միջոցի տեսակը հաստատելուց հետո բակտերիաբանական որոշ զենքերի դեպքում կարանտինը փոխարինվում է դիտազննումով (օբսերվացիա), շարունակվում է օջախի բժշկական հսկողությունը, ինչպես նաև կիրառվում են բուժկանխարգելիչ ու մեկուսացնող-սահմանափակող միջոցառումներ, որոնք խոչընդոտում են վարակի տարածումը և ուղղված են դրա արագ վերացմանը։ Կարևոր նշանակություն ունեն վարակիչ հիվանդների վաղ հայտնաբերումը, մեկուսացումը. հոսպիտալացումն ու բուժումը, տարածքի, շենքերի ու շինությունների վարակազերծումը, բնակչության սանիտարական մշակումը, կանխարգելիչ պատվաստումների կատարումը։

Բակտերիաբանական վարակման օջախում գտնվելիս բնակչությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի սննդամթերքի պահպանությանը։ Ջուրը կարելի է խմել միայն վարակազերծելուց (30 ր եռացնելուց) հետո։ Սննդամթերքը պետք է պահել կիպ փակվող ամաններում կամ պոլիէթիլենե փաթեթներում, օգտագործելուց առաջ ենթարկել մանրազնին ջերմային մշակման։ Բնակելի շենքերում անհրաժեշտ է ախտահանիչ միջոցներով խոնավ մաքրում, հագուստի, սպիտակեղենի (լվանալ սինթետիկ լվացամիջոցների եռացող լուծույթներով), կենցաղային իրերի ախտահանում։ Հատուկ նշանակություն է ձեռք բերում անհատական և հասարակական հիգիենայի կանոնների պահպանումը՝ մաշկի ուշադիր խնամք, բերանի խոռոչի մաքրում, թափոնների ժամանակին հավաքում և հեռացում և այլն։ Այդ ամենն իջեցնում են վարակիչ հիվանդությունների տարածման հնարավորությունը։ Բակտերիաբանական վարակման օջախի վերացումից հետո անցկացվում է օջախի տարածքի, շենքերի, տրանսպորտային միջոցների ախտահանում և բնակչության լիակատար սանիտարական մշակում՝ հագուստի և կոշիկների ախտահանումով։

Գրականություն[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png