Կարոտաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարոտաժ (ֆր.՝ carottage, carotte - հորատակեռն, բառացի՝ գազար), հորատանցքերի երկրաֆիզիկական հետազոտություններ, որոնք տարվում են երկրաբանական կտրվածքներ ուսումնասիրելու և օգտակար հանածոներ հայտնաբերելու նպատակով։ «Կարոտաժ» տերմինը լիովին չի համապատասխանում նկարագրվող հասկացությանը։ Գիտատեխնիկական գրականության մեջ դրա փոխարեն օգտագործվում են հորատանցքերի հետազոտման երկրաֆիզիկական մեթոդներ, հորատանցքի երկրաֆիզիկա և այլ տերմիններ։

Հորատանցքերի երկրաֆիզիկական հետազոտություններն իրականացվում են էլեկտրական, մագնիսական, ռադիոակտիվ (միջուկային), ջերմային, ակուստիկ (ուլտրաձայնային) և այլ եղանակներով։ Դրանց կատարման ժամանակ հորատանցքի փողի երկայնությամբ մալուխի վրա ամրացված երկրաֆիզիկական տվիչները իջեցվում են հորատանցք և չափում որոշ մեծություններ, որոնք կախված են հորատանցքով հատվող ապարների մեկ կամ մի խումբ ֆիզիկական հատկություններից։ Տվիչի ազդանշանը հաղորդվում է Երկրի մակերևույթ և գրանցվում ապարատների միջոցով՝ անալոգային կամ թվային ձևով։ Հետազոտման էլեկտրական եղանակի դեպքում ուսումնասիրվում են ապարների տեսակարար էլեկտրական դիմադրությունը, դիֆուզիոն-ադսորբման և արհեստականորեն հարուցված էլեկտրաքիմիական ակտիվությունը։ Մագնիսական եղանակով չափվում է ապարների մագնիսական ընկալունակությունը։ Ռադիոակտիվ (միջուկային) եղանակը հիմնված է հորատանցքերում ապարների բնական կամ արհեստականորեն առաջացրած ռադիոակտիվ ճառագայթումը չափելու վրա։ Վերջին դեպքում կիրառվում են նեյտրոնային, գամմա-գամմա, հարուցած ակտիվության և այլ եղանակներ։ Ջերմային եղանակի դեպքում ուսումնասիրվում է հորատանցքերի ջերմաստիճանը։ Ակուստիկ (ուլտրաձայնային) եղանակի հիմքում ընկած է ապարներում առաձգական ալիքների արագության և մարման ուսումնասիրությունը։ Գազային և լյումինեսցենտաբիտումնաբանական կարոտաժները վերաբերում են հետազոտությունների երկրաքիմիական եղանակներին։

Հորատանցքերի երկրաֆիզիկական հետազոտությունների խնդիրներն են՝ հորատանցքերի կտրվածքների համադրումը, հորատանցքով հատված ապարների լիթոլոգիայի և տեղադրման խորության որոշումը, օգտակար հանածոների (նավթ, գազ, ջուր, հանքանյութ) սահմանազատումը և պաշարների գնահատումը, նավթի և գազի հանքավայրերի շահագործման վերահսկումը։ Կարոտաժը խոր հորատանցքերի կտրվածքների երկրաբանական փաստագրման հիմնական եղանակն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 340