Կարմրահողեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրահող Հնդկաստանում

Կարմրահողեր, հողերի տիպ, որն առաջանում է սաղարթավոր անտառների ծածկոցի տակ, խոնավ մերձարևադարձային կլիմայի և մասնակիորեն արևադարձային սավանների պայմաններում։ Կարմրահողերը բնութագրվում են մեկ ու կես օքսիդների բարձր պարունակությամբ (երկաթի և ալյումինի), սիլիկատների և հիմքերի աղքատությամբ։ Տաք և խոնավ կլիման նպաստում է լեռնային ապարների և ալյումինի սիլիկատների ինտենսիվ քայքայմանը կալցիումի և մագնեզիումի հեռացմանը։ Երկաթի օքսիդները կարմրահողերին տալիս են կարմիր կամ նարնջագույն գունավորում։ Թեք լանջերում կարմրահողերը թույլ են զարգացած, հզորությունը ցածր է և սովորաբար ուժեղ լվացված են։ Ռեակցիան թթու է կամ թույլ թթու (pH-ը 5, 0-5, 7)։ Մեխանիկական կազմը ծանր կավավազային կամ կավային է։ Կան մերձարևադարձային անտառների և արևադարձային սավանների կարմրահողեր։ Տարածված են Չինաստանի հարավարևելյան, կենտրոնական շրջաններում, Վիետնամում, Ճապոնիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ի հարավ-արևելքում, Բրազիլիայում, Աֆրիկայում, Ֆրանսիայի հարավում, Իտալիայում, Իսպանիայում և այլուր, ԽՍՀՄ-ում՝ Սև ծովի արևելյան (Վրաստան) և Կասպից ծովի հարավ-արևմտյան ափերին (Ադրբեջան)։ Կարմրահողերում մշակում են թեյ, ծխախոտ, խաղող, ցիտրուսներ և այլ կուլտուրաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png