Կարմրակատար շամփրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
LaniusSenator LaCañada.jpg
Lanius senator

Կարմրակատար շամփրուկ (Lanius senator), շամփրուկների ընտանիքին պատկանող թռչուն։

Կարմրակատար շամփրուկի գլուխը շագանակագույն է, թևերը, պոչը, ճակատը և աչքից դեպի ականջը ու ծոծրակը տարածվող շերտերը սև են, թևի վրա ունի սպիտակ շերտ, որն ավելի լավ է երևում թռիչքի ընթացքում, վերին կտուցի հիմքում ունի սպիտակ շերտ, որովայնը սպիտակ է՝ շիկավուն երանգով, պոչի եզրային փետուրները սպիտակ են, կտուցի ծայրը կեռ է և սուր։ Էգ թռչունի գարնանային գուներանգները մեղմ են, ձագերի փետրավորումը՝ ալիքավոր նախշերով։ Քաշը՝ 33-40 գ, թևի երկարությունը՝ 94-102 մմ։

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Տարածված է կիսանապատային գոտում, մասամբ՝ լեռնային տափաստաններում։ Հիմնական բնադրավայրերն են՝ Աշտարակից մինչև Երասխ, Վայքը և Զանգեզուրը։ Բնադրվում է թփերի և ծառերի վրա, բույնը սարքում է օշինդրից, բրդի կտորներից, տեղադրում գետնից 60-70 սմ բարձր։ Մայիսին դնում է 5-7 կանաչավուն կամ երկնագույն, մոխրամանուշակագույն պտերով ձվեր։ Սնվում է հիմնականում բզեզներով և այլ անողնաշարներով։ Օգտակար թռչուն է։ Գրանցված է հանրապետության Կարմիր գրքում։

Տարածված է հարավային և միջին Եվրոպայում, հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Իրանում։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ», էջ 34։