Կարմիր գվարդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիրգվարդիականի անդամատոմս

Կարմիր գվարդիա, պրոլետարիատի զինված ուժերի կազմակերպման հիմնական ձևը Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նախապատրաստման ու իրականացման ժամանակ և 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի սկզբնական շրջանում։ Կարմիր գվարդիայի նախատիպ էին 1905-1907 թվականների հեղափոխության ժամանակ ստեղծված բանվորական մարտական դրուժինաներն ու ջոկատները։ Բանվորական զինված ջոկատները հանդես եկան 1917 թվականի Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության առաջին իսկ օրերին, բոլշևիկների նախաձեռնությամբ և շարունակեցին աճել որպես բանվորական միլիցիայի ջոկատներ գործարաններում ու ֆաբրիկաներում՝ նրանց պահպանման և ինքնապաշտպանության համար։

1917 թվականի ամռանը Կարմիր գվարդիայի ջոկատներ առաջացան գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և արդյունաբերական կենտրոններում։ Պետրոգրադում կարմիրգվարդիականները ակտիվորեն մասնակցեցին ապրիլյան, հունիսյան և հուլիսյան ցույցերին։ Հուլիսյան դեպքերից հետո Կարմիր գվարդիան որոշ ժամանակով անցավ ընդհատակ, բայց նրա կազմակերպումը շարունակվում էր։ ՌՍԴԲ (բ)Կ VI համագումարիականց հետո, որը զինված ապստամբության կուրս վերցրեց, Կարմիր գվարդիան դուրս եկավ ընդհատակից և սկսեց արագորեն պատրաստվել վճռական պայքարի։ Նոր ջոկատներ կազմակերպվեցին Կոռնիչովշչինայի ջախջախման շրջանում։ Հոկտեմբերյան զինված ապստամբության նախօրեին Պետրոգրադի Կարմիր գվարդիայում հաշվվում էր 20 հազար մարդ։

Հոկտեմբերի 23-ին ընդունվեց Կարմիր գվարդիայի կանոնադրությունը, կազմակերպվեցին գլխավոր և շրջանային շտաբներ։ Կարմիր գվարդիան հասարակական կազմակերպություն էր, ստեղծվում էր կամավոր տերիտորիա-արտադրական սկզբունքով։ Պետրոգրադում Կարմիր գվարդիայի կազմակերպիչներն էին՝ Ի. Ցուրենևը (գլխավոր շտաբի նախագահ), Վ. և Ե. Տրիֆոնովները, Վ. Պավլովը, Ն. Պոդվոյսկին և ուրիշներ, Մոսկվայում՝ Ալեքսանդր Վեդերնիկովը, 0ա. Պեչեն, Ե. Ցարոսլավսկին, Վառլամ Ավանեսովը, Պ. Դոբրինինը և ուրիշներ։ Ծայրամասերում ևս Կարմիր գվարդիայի կազմակերպման մեջ վճռական դերը պատկանում էր բոլշևիկներին։ Պետրոգրադում և Մոսկվայում Կարմիր գվարդիան Հոկտեմբերյան զինված ապստամբության առաջատար ուժն էր։ Կարմիրգվարդիականները մասնակցեցին Ձմեռային պալատի գրոհին, Կերենսկի-Կրասնովի խռովությանը, Դուտովշչինայի, Կենտրոնական ռադայի ջախջախմանը՝ ապահովելով սովետական իշխանության հաղթական երթը։ «Կարմիր գվարդիականները, — գրել է Վլադիմիր Լենինը,— կատարեցին աշխատավորներին ու շահագործվողներին շահագործողների լծից ազատագրելու ամենաազնիվ ու մեծագույն պատմական գործը»։ Բանվորա-գյուղացիական կարմիր բանակի ձևավորումով՝ 1918 թվականի մարտին Կարմիր գվարդիան լուծարքի ենթարկվեց, նրա լավագույն հրամանատարական կադրերը մտան ԲԳԿԲ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 332