Կարծր համաձուլվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարծր համաձուլվածքներ, հատուկ դասի մաշակայուն նյութեր՝ գերբարձր կարծրությամբ, որոնք տաքացման դեպքում փոխվում են աննշան չափով։ Տարբերում են եռակալված և ձուլման Կարծր համաձուլվածքներ։ Եռակալված Կարծր համաձուլվածքները կազմված են մետաղով կամ համաձուլվածքով ցեմենտացված մետաղանման միացությունից։ Դրանց հիմքը վոլֆրամի կամ տիտանի կարբիդներն են, վոլֆրամի ու տիտանի (հաճախ նաև տանտալի) բարդ կարբիդները, տիտանի կարբոնիտրիդը, ավելի սակավ՝ այլ կարբիդներ, բորիդներ են։ Որպես ցեմենտացնող մետաղ սովորաբար օգտագործում են կոբալտ, սակավ՝ նիկել կամ նրա համաձուլվածքը մոլիբդենի հետ, պողպատ։ Առաջին անգամ եռակալված Կարծր համաձուլվածքներ ստացվել են վոլֆրամի կարբիդից և կոբալտից Գերմանիայում (1923-1925 թվականներին), որոնց արդյունաբերական արտադրությունն սկսվել է 1926 թվականին («վիդիա» համաձուլվածք. 94% WC և 6% Co)։

Մեծ նշանակություն է ստանում առանց վոլֆրամի Կարծր համաձուլվածքի արտադրությունը, որը թույլ է տալիս համեմատաբար թանկարժեք վոլֆրամը փոխարինել ավելի էժան մետաղներով, ընդլայնել յուրահատուկ Կարծր համաձուլվածքի անվանացանկը, ստեղծել ավելի բարձր շահագործական բնութագրերով Կարծր համաձուլվածք։ Խիստ հեռանկարային են տիտանի կարբոնիտրիդի հիմքով ու որպես կապակցանյութ նիկել-մոլիբդենային համաձուլվածքով և տիտանի կարբիդի հիմքով ու նույն կամ պողպատի կապակցանյութով Կարծր համաձուլվածք։ Կարծր համաձուլվածքից պատրաստվում են կարբոնիտրիդի, կարբիդի կամ տիտանի նիտրիդի (երբեմն այլ միացությունների) նուրբ (5—15 մկմ հաստությամբ) պատվածքով չվերասրվող կտրող թիթեղներ, որոնք կտրման դեպքում կայունությունը բարձրացնում են 3-10 անգամ։ Փոշեմետալուրգիայի մեթոդներով արտադրում են բազմանիստ թիթեղների և ձևավոր ամբողջական կարծր համաձուլվածքային շինվածքների տեսքով Կարծր համաձուլվածքներ։ Դրանք մեծ արդյունավետությամբ կիրառվում են մետաղների, համաձուլվածքների և ոչ մետաղական նյութերի կտրումով մշակման, առանց տաշեղի մշակման (քարշում, գլոցում, դրոշմում են), հորատման գործիքների աշխատամասերի սարքավորման համար և որպես կոնստրուկցիոն նյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 326