Կարծրատիպ (տպագրություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարծրատիպ, բարձր տպագրության տպաձևի պատճենը (շարվածքը և կլիշեն)՝ 2—25,1 մմ հաստության թիթեղի ձևով։ Կարծրատիպը երևան է եկել XVII դարերում․։ Լայնորեն կիրառվում է բազմատպաքանակ հրատարակությունների տպագրման համար։ Կախված պատրաստման եղանակից կարծրատիպը անվանում են ձուլածո, գալվանապլաստիկ և մամլած։ Ըստ նյութի տեսակի կարծրատիպերը լինում են մետաղե (բաղկացած տպագրական համաձուլվածքից կամ այնպիսի համաձուլվածքից, որի տպագրող մակերևույթին արված է ավելի ամուր մետաղի շերտ), պոլիմերային (պլաստմասսայե և ռետինե) և մետաղա-պոլիմերային (աշխատանքային կողմը՝ մետաղե, իսկ ներքևինը՝ պոլիմերային)։ Կոշտ կարծրատիպերը (մետաղե և մետաղապոլիմերային), կախված տպագրական մեքենայի տեսակից, պատրաստում են հարթ (տիգելավոր և հարթ տպագրական մեքենա) կամ աղեղանման (այսպես կոչված կլոր կամ ռոտացիոն՝ ռոտացիոն մեքենաների համար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։