Կարլիստյան պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարլիստյան պատերազմներ, դինաստիական պատերազմներ իսպանական Բուրբոնների երկու ճյուղերի միջև 1833-1840 թվականներին և 1872-1876 թվականներին։ Առաջին Կարլիստյան պատերազմը սկսվել է 1833 թվականի հոկտեմբերի 4-ին, Ֆերդինանդ II թագավորի մահից հետո, երբ կարլիստները՝ բացարձակապետության կողմնակից ազնվականները, Կարլոս IV-ի որդի Դոն Կարլոս Ավագի (հանդես է եկել Կարլոս V անվամբ) գլխավորությամբ ապստամբեցին Իզաբել II-ի օրոք գահի խնամակալուհի Մարիա Կրիստինայի դեմ։ Վերջինիս պաշտպանում էին բուրժուազիան և լիբերալ ազնվականները, որոնք 1834-1843 թվականների հեղափոխության պայմաններում նրան հարկադրել էին համաձայնվել բուրժուա-լիբերալ մի շարք ռեֆորմների։ Հիմնականում պարտիզանական պատերազմ մղող կարլիստները, 1837 թվականին 14 հազար զորքով Մադրիդը գրավելու անհաջող փորձից հետո, 1839-1840 թվականին դադարեցրին դիմադրությունը։ 1872 թվականին կարլիստները սկսեցին երկրորդ Կարլիստյան պատերազմը՝ Փորձելով գահ բարձրացնել Կարլոս V-ի թոռանը՝ Կարլոս Կրտսերին (Կարլոս VII անվամբ)։ Վատիկանի և եվրոպական մի քանի երկրների հետադիմական շրջանների աջակցությամբ նրանք սկզբում գրավեցին Կատալոնիայի և Վալենսիայի զգալի մասը, սակայն մի շարք պարտություններից հետո, 1876 թվականին զենքը վայր դրեցին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png