Կարի արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան

Կարի արդյունաբերություն, թեթև արդյունաբերության ճյուղ, արտադրում է վերնահագուստ, սպիտակեղեն, գլխարկ և այլն։

Հայաստանում դերձակությունը միջին դարերում կենտրոնացած էր քաղաքներում։ Բնակչության վերնախավերը՝ ավատատերերն ու հոգևորականությունը, հիերարխիայի մեջ գրաված իրենց դիրքին համեմատ, հագնում էին հատուկ և որոշակի գործվածքից զգեստներ, որ կարում էին պալատական և վանքապատկան դերձակները, մյուսները պատվիրում էին արհեստավորներին։ 19-րդ դարի սկզբին Երևանում և Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) կար կարի մոտ 25 արհեստանոց։ Տարածված էր տնային պատվերների սիստեմը։ Կարի ֆաբրիկային արտադրություն ստեղծվեց երկրում խորհրդային իշխանության հաստատվելուց հետո՝ սկզբում արհեստագործական կոոպերացիայի ու տեղական, ապա՝ պետության թեթև արդյունաբերության համակարգում։ 1926-1940 թվականներին գործարկվեցին Երևանի կարի առաջին («Հայկարարդ»), «Կրասնի շվեյնիկ», «Գարուն» արտադրական միավորման գլխամասային, Լենինականի, Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Ստեփան Շահումյանի անվան կարի ֆաբրիկաները։ Ետպատերազմյան տարիներին բարձրարտադրողական տեխնիկայով հագեցած նոր ձեռնարկություններ կառուցվեցին Քանաքեռում, Կամոյում (այժմ՝ Գավառ), Ալավերդում Չարենցավանում։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, ՀԽՍՀ կարի արդյունաբերությունը 1978 թվականին թողարկել է 201,5 հազար ԽՍՀՄ ռուբլու համախառն արտադրանք։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարի արդյունաբերություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 321