Կարեն Անդրեասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Անդրեասյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
2011 - 2016
Նախորդող Արմեն Հարությունյան
ՀՀ արդարադատության նախարար
օգոստոսի 3, 2021 - հոկտեմբերի 5, 2022
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
 հոկտեմբերի 7, 2022
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Օքսֆորդի համալսարան
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ իրավապաշտպան
Ծննդյան օր սեպտեմբերի 10, 1977(1977-09-10) (46 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կարեն Արեսի Անդրեասյան (սեպտեմբերի 10, 1977(1977-09-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (2011-2016), իրավաբանական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի դոցենտ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ։ ՀՀ արդարադատության նախարար(2021-2022թթ.)։ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Անդրեասյանը ծնվել է 1977 թվականին։ 1994-2002 թթ. սովորել և մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետում և նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում։

1997-2000 թթ. աշխատել է ՀՀ պետական մի շարք մարմիններում՝ Երևանի քաղաքապետարանում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, առաջին ատյանի դատարանում, ինչպես նաև դասավանդել է մարդու իրավունքներ և վարչական իրավունք թիվ 120 միջնակարգ դպրոցում և ՀՀ Ոստիկանության ակադեմիայում։

2001-2007 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

2001-2003 թթ. համատեղությամբ աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում, այդ թվում՝ ՀՀ իրավաբանների միության անվճար իրավական օգնության կենտրոնում /որպես տնօրեն/, «Քաղաքացիական կրթության ծրագիր» միջազգային կազմակերպությունում /որպես ծրագրի համակարգող/, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում /որպես իրավաբան/։ Նշված ժամանակաշրջանում նաև դասավանդել է մարդու իրավունքներ Աբխազիայում, Հարավային Օսիայում և Ղարաբաղում անցկացված լրագրողների համար նախատեսված սեմինարներին։

2003 թվականին աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական և իրավական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտաշխատող։

2003-2004 թթ. որպես միջազգային փորձագետ և խորհրդատու՝ աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում։

2005-2008 թթ. աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում՝ որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետև փոխտնօրեն։

2006-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։

2008 -2011 թվականներին «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենն էր։

2007-2010 թթ. իրականացրել է մի շարք հեռուստատեսային և հասարակական նախագծեր, այդ թվում՝ Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական իրավունքի և հետաքննական լրագրության բուհական մրցույթ լրագրող և իրավաբան ուսանողների համար, վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, «Իրականում» հաղորդաշարը՝ «Արմենիա» հեռուստաընկերությունում։

2011 թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան[1]։

2016 թ. հունվարի 12-ին Կարեն Անդրեասյանը ներկայացրել է հրաժարականի դիմում։ 2016 թ. հունվարի 18-ին կրկնել է հրաժարականի դիմումը, և այն համարվել է ընդունված։

2021 թվականի օգոստոսի 3-ից ՀՀ արդարադատության նախարար։

2022 թվականի հուլիսի 4-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի նախագահ։

2022 թվականի հոկտեմբերի 5-ին իր հրաժարականի դիմումի հիման վրա, նախագահի հրամանագրով ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից։

2022 թվականի հոկտեմբերի 6-ին ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

2022 թվականի հոկտեմբերի 7-ին ընտրվել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։

Կարեն Անդրեասյանը շուրջ քսան հրապարակված գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների և այլ աշխատությունների հեղինակ է[2]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «Կարեն Անդրեասյան. Մարդկային շփումը իմ միակ հոբին է». mediamax.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Անդրեասյանի կենսագրությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում Արխիվացված 2013-06-01 Wayback Machine

Նախորդող
Արմեն Հարությունյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Անդրեասյան

3 մարտի 2011 թ. - 22 հունվարի 2016 թ.
Հաջորդող
Արման Թաթոյան
Նախորդող
Ռուստամ Բադասյան
ՀՀ Արդարադատության նախարար
Կարեն Անդրեասյան

2021 - 2022
Հաջորդող
Գրիգոր Մինասյան