Կարապետ Ոսկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Ոսկյան
Ծնվել է1895
Մասնագիտությունպատմաբան և բանասեր

Ոսկյան Համազասպ (Անտոն) [հուլիսի 1, 1895, գյուղ Խանդաձոր (Էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավառ - փետրվարի 25, 1968, Վիեննա), հայ պատմաբան, բանասեր, ձեռագրագետ, մանկավարժ։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1914 թ.), Վիեննայի համալսարանի աստվածաբանության դոկտոր (1922 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վիեննայի Հայոց վանքի դպրոցում։ Եղել է Պլովդիվի (Բուլղարիա) Մխիթարյան վարժարանի ուսուցիչ (1928-1931 թթ.), տնօրեն (1931-1937 թթ.), ապա Բեյրութի Մխիթարյան վարժարանի տնօրեն (1947-1960 թթ.)։ 1920-ական թվականներին աշխատակցել է «Հանդես ամսօրյա», ապա դարձել նրա խմբագրապետը (1938-1946 թթ., 1963-1968 թթ.)։ 1932 թվականին Պլովդիվում հիմնել է ուսումնարան դպրոցական ամսագիրը։ Շուրջ կես դար զբաղվել է գիտական գործունեությամբ, հրատարակել բազմաթիվ հայագիտական երկեր։ Հատկապես արժեքավոր են Հայաստանի վանքերի պատմությանը վերաբերող աշխատությունները («Վասպուրական-Վանի վանքերը», մաս 1-3, 1940-1947 թթ., «Սեբաստիայի վանքերը», 1946 թ., «Բարձր Հայքի վանքերը», 1951 թ., «Տարոն-Տուրուբերանի վանքերը», 1953 թ., «Արցախի վանքերը», 1953 թ., «Կիլիկիայի վանքերը», 1957 թ., «Գուգարքի վանքերը», 1960 թ., «Սեբաստիայի, Խարբերդի, Դիարբեքիրի U.Տրապիզոնի նահանգներու վանքերը», 1962 թ.)։ Ուսումնասիրել է հայ նախարարական աների պատմությունը, հայ միջնադարյան մատենագիրներ Հովհաննես Սարկավագի, Ներսես Լամբրոնացու, Հովհաննես Վանականի, Վարդան Արևելցու, Մխիթար Գոշի, Կիրակոս Գանձակեցու կյանքն ու ստեղծագործությունը։ «Չորս հայ տաղասացներ և անոնց տաղերը» (1966 թ.) աշխատությունում ներկայացրել է հայ միջնադարյան բանաստեղծներ Հովհաննես Կարնեցուն, Գրիգոր Օշականցուն, Մովսես Կարնեցուն, Մարտիրոս Ղրիմեցուն և նրանց ստեղծագործությունները։ Աշխատասիրել և հրատարակել է «Երգ երգոցի առաջին և երկրորդ թարգմանությունը» (1924 թ.), «Սարդիկեի ժողովքի հայերեն կանոնները» (1945 թ.), Ստեփանոս Ռոշքայի «ժամանակտգրութիւն կամ Տարեկանք եկեղեցականք» (1964 թ.), Հովհաննես Ղրիմեցու «Պատմութիւն հռչակավոր վանից Հաղբատայ» (1965 թ.) գործերը, թարգմանել Զ․ Օբերտինսկու «Լեհահայերը և անոնց Անդրեաս արքեպիսկոպոսը Ցագլովեցի մեջ» (1963 թ.) աշխատությունը։ Հետազոտել, կազմել և հրատարակել է «Ցուցակ հայերեն ձեռագրաց մատենադարանին ի Վիեննա» 1963 ձեռագրացուցակը, որը Հ․ Տաշյանի համանուն գործի շարունակությունն է։ Սփյուռքի հայերի համար կազմել է հայերեն դպրոցական ձեռնարկներ («Դասագիրք Հայոց պատմության», և այլն)։ Թողել է անտիպ գործեր («Արարատյան նահանգի վանքերը», «Սյունյաց աշխարհի վանքերը», «Հայ վանքեր ի սփյուռս» և այլն)։ Ո․ հետևել է Սովետական Հայաստանի գիտական կյանքին, «Հանդես ամսօրյա»-ում հրատարակած բազմաթիվ գրախոսականներով անդրադարձել սովետահայ պատմաբանների և բանասերների հայագիտական երկերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 634