Կատեգորիկ իմպերատիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատեգորիկ իմպերատիվ, Ի.Կանտի բարոյագիտության հիմնական հասկացությունը, որով նա հիմնավորում էր բարոյականության համընդհանրությունը և անհրաժեշտությունը։ Դա անվերապահ թելադրանք է, որը հանդես է գալիս որպես միակ և միասնական բարոյական սկզբունք, հավերժ և անփոփոխ բարոյական օրենք։ Կատեգորիկ իմպերատիվը չունի պատճառ-հետեանքային բովանդակություն, չի պարտադրվում մարդուն ոչնչով և ոչ մեկով (այդ թվում՝ աստծով), այլ ընդունվում է պարտքի դրդմամբ։ Դա պարտքի (պարտադրության) օրենք է, ձեական դրույթ, որին մարդ պետք է հետեի «բարի» կամքով (ազատ և ինքնուրույն), որպես «պարտքի» և ոչ թե բնական հակումով։ Կատեգորիկ իմպերատիվի սկզբունքն է՝ «վարվիր այնպիսի վարքականոնի համաձայն, որով ղեկավարվելով, դու միաժամանակ կարող ես ցանկանալ, որպեսզի այն դառնա համընդհանուր օրենք»։ «Չարի» (զգայականի) և «բարու» (գերզգայականի), հակումների ու պարտքի բացարձակ հակադրումը Կանտին հանգեցնում է բարոյական հոռետեսության և արգելք է դառնում իր իսկ հռչակած մարդու ինքնարժեքության սկզբունքի (ըստ որի մարդը վերջնական նպատակ է, և ոչ միջոց) իրականացմանը։ Կատեգորիկ իմպերատիվը ապրիորի և ձեական բնույթ ունի։ Այն անտեսում է բարոյականության պատմականությունը և սոցիալ-տնտեսական (դասակարգային) պայմանավորվածությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png