Կառավարող հաշվողական մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառավարող հաշվողական մեքենա, կառավարող համակարգում որպես կենտրոնական հանգույց օգտագործվող հաշվողական մեքենա, որ նախատեսված է կառավարման պրոցեսում ինֆորմացիայի ավտոմատ ընդունման, մշակման և կատարող օրգաններին կամ մարդ-օպերատորին հաղորդելու համար։ Կառավարող հաշվողական մեքենայի օգտագործման նպատակը կառավարվող համակարգի օպտիմալ աշխատանքն ապահովելն է։ Կառավարող հաշվողական մեքենաները դասակարգվում են. ըստ նշանակության՝ արդ. օգտագործման, ինքնաթիռային, նավային և այլն, ըստ տեխնիկական «Արաքս» կառավարող հաշվողական մեքենան իրացման՝ թվային, անալոգային, հիբրիդային, ըստ կիրառման հնարավորությունների՝ ընդհանուր (օբյեկտների մի քանի դասերի համար) և հատուկ (միայն մի դասի համար), ըստ կատարման ֆունկցիայի՝ կենտրոնացված հսկման, «խորհրդատու» օպտիմալացնող, ուղղակի կառավարման։ Արդյունաբերության մեջ կառավարող հաշվողական մեքենաների կիրառությունը սկսվել է 1950-ական թթ. և անցել զարգացման մի քանի փուլ։ Առաջին փուլում ստեղծվել են կենտրոնացված հսկման մեքենաներ, որոնք նախատեսված էին տեխնոլոգիական պրոցեսների պարամետրերի ավտոմատ հսկման համար։ Այս մեքենաների հաշվողական մասը թույլ էր զարգացած և ուներ հատուկ նշանակություն։ Կենտրոնացված հսկման կառավարող հաշվողական մեքենան հեշտացնում էր մարդու աշխատանքը և արդյունաբերության որոշ ճյուղերում տալիս էր տնտեսական զգալի օգուտ։ Երկրորդ փուլում ստեղծվել են «խորհրդատու» և օպտիմալացնող մեքենաներ։ Դրանք, հսկելուց բացի, լուծում էին տեխնոլոգիական պրոցեսների օպտիմալացման խնդիրներ, որոնք մինչև այդ լուծում էր մարդը՝ ինդուկտիվ կերպով և անբավարար ճշգրտությամբ։ «Խորհրդատու» մեքենաները տեխնոլոգիական պրոցեսը ղեկավարող օրգանների հետ անմիջական կապ չունեին։ Այդ ֆունկցիան, ըստ մեքենայի ցուցումների, կատարում էր մարդը։ Օպտիմալացնող մեքենաներն արդեն ունեին կառավարող ավտոմատներ, որոնք մեքենայի ցուցումներն իրագործում էին անմիջականորեն՝ առանց մարդու մասնակցության։ Այս դասի մեքենաները լայն կիրառություն չգտան նեղ մասնագիտացված լինելու և սերիական թողարկման անշահավետության պատճառով։ Երրորդ փուլում ստեղծվել են ուղղակի կառավարման մեքենաները, որոնք ունեն զարգացած մաթեմատիկական ապարատ, հիշողության սարք, կապի միջոցներ, մեծ արագագործություն, մեծ հուսալիություն և այլն, որոնց շնորհիվ էլ լայն կիրառություն գտան արդյունաբերության և տեխնիկայի բազմազան բնագավառներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 270