Կապիտալ ներդրումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապիտալ ներդրումներ,հիմնական կապիտալում կատարվող ներդրումներն են՝ հիմնական ֆոնդերի ստեղծման, ընդլայնման և վերակառուցման նպատակով կատարվող նյութական, աշխատանքային և դրամական ծախսումները։ Իրականացվում են եկամտի կուտակման ֆոնդի և լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումների հաշվին, պլանավորվում և հաշվարկվում են նախահաշվային գներով։ Արդյունաբերության մեջ կապիտալ ներդրումները ուղղվում էին ներ ձեռնարկությունների շինարարության ու գործող ֆիրմաների ընդլայնման, վերակառուցման ու տեխնիկական վերազինմանը, սարքավորումների արդիականացմանն ու նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև ոչ արտադրական նշանակության հիմնական միջոցների ստեղծմանը։ Կապիտալ ներդրումները ոչ միայն ներդրում է հիմնական կապիտալի մեջ, այլ նաև նշանակում է նոր օբյեկտների շինարարություն, գործող ֆիրմաների ընդլայնում, վերակառուցում ու տեխնիկական վերազինում, նոր մեքենաների, սարքավորումների, գործիքների, հարմարանքների ձեռք բերում, նախագծային հետազոտական աշխատանքների կատարում և այլն։

Կապիտալ ներդրումների արդյունավետությունը մեծապես կախված է նաև կապիտալ ներդրումների ճյուղային և տարածքային կառուցվածքից։ Ճյուղային կառուցվածքը ներդրումների բաշխումն է ազգային տնտեսության ճյուղերի, արտադրական և ոչ արտադրական ոլորտների, արտադրության երկու ստորաբաժանումների, իսկ տարածքային կառուցվածքը՝ երկրի տնտեսական, վարչական շրջանների միջև և դրանց ներսում։ Ֆինանսավորման ձևերից և աղբյուրներից ելնելով՝ տարբերում են՝ պետական բյուջեի, ձեռնարկությունների սեփական միջոցների ու բանկային վարկի հաշվին ֆինանսավորվող կապիտալ ներդրումերը։ Կապիտալ ներդրումների շնորհիվ ապահովվում են տնտեսության արագ զարգացումը և որակական տեղաշարժերը նրա համամասնություններում, տնտեսության բոլոր ճյուղերի տեխնիկական մակարդակի բարձրացումը, արտադրողական ուժերի տեղաբաշխման բարելավումն ու ժողովրդի բարեկեցության բարձրացումը։

Կապիտալ ներդրումներին բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները՝ կազմակերպության տնտեսական զարգացման ռազմավարության իրականացման գլխավոր ձևն են, սերտորեն կապված են կազմակերպության արտադրական գործունեության հետ, ենթական են բարոյական մաշվածության մեծ ռիսկի, բնութագրվում են երկարատևությամբ։

Կապիտալ ներդրումների հիմնական ֆինանսավորման աղբյուրը պետության եկամուտներն են, իսկ որպես այլընտրանքային աղբյուր կարող են հանդես գալ նաև կազմակերպությունների եկամուտները և ամորտիզացիոն ֆոնդը։ Կազմակերպությունների կողմից տրամադրվող գումարներն ուղղվում են առավել արագ եկամուտ ապահովող, սակայն փոքրածավալ ոլորտներ։ Իսկ պետությունը փորձում է զարգացնել տնտեսության բոլոր ճյուղերը՝ իրականացնելով երկարաժամկետ ներդրումներ։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 255