Կապիտալի կուտակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապիտալի կուտակում, կապիտալիստական ընդլայնված վերարտադրության պրոցեսում հավելյալ արժեքի փոխարկումը կապիտալի. լրացուցիչ արտադրամիջոցներ գնելու և աշխատուժ վարձելու համար հավելյալ արժեքի մի մասի միացում գործող կապիտալին։ Միաժամանակ այն նյութական բարիքների և կապիտալիստական արտադրահարաբերությունների վերարտադրության պրոցես է։ Կապիտալի կուտակումը պայմանավորված է առավելագույն շահույթ ստանալու կապիտալիստի ձգտմամբ և մրցակցությամբ, որոնք ստիպում են նրան ընդլայնել արտադրության մասշտաբները։ Հավելյալ արժեքի կուտակումը հնարավոր է, եթե շուկայում առկա են լրացուցիչ արտադրամիջոցներ, սպառման առարկաներ և աշխատուժ։ Կապիտալի կուտակման չափերը կախված են հավելյալ արժեքի մասսայից, այն կապիտալի և եկամտի բաժանելու հարաբերակցությունից, աշխատուժի շահագործման աստիճանից, աշխատանքի արտադրողականության մակարդակից, գործող կապիտալի մեծությունից։ Կուտակման պատմական նախադրյալ էր կապիտալի նախասկզբնական կուտակումը։ Կապիտալի կուտակման հետագա պրոցեսն իրականանում է կապիտալի համակենտրոնացմամբ և կենտրոնացմամբ։ Այս երկու պրոցեսներն էլ զարգացման որոշակի աստիճանում, տանում են մոնոպոլիաների առաջացման։ Իմպերիալիզմի փուլում մոնոպոլիաները տնտեսական հնարավորություն ունեն մենաշնորհային շահույթի, մենաշնորհային գնի մեխանիզմի և կապիտալի արտահանման միջոցով պարբերաբար ավելացնել կապիտալի կուտակումը։ Սակայն, մոնոպոլիաների գերիշխանության պայմաններում կան կապիտալի կուտակումը սահմանափակող գործոններ՝ մենաշնորհային բարձր գները պահպանելու համար արտադրության աճի դանդաղեցում, բուրժուազիայի պորտաբույծ սպառման աճ և այլն։ Կապիտալի կուտակման գործում կարևոր դեր է խաղում պետությունը։ Կուտակման պրոցեսն ընթանում է անարխիայի և մրցակցության պայմաններում, կրում ցիկլային բնույթ։ Կապիտալի կուտակումը բարձրացնում է կապիտափ օրգանական կազմը, որի հետևանքով առաջանում է հարաբերական գերբնակչություն։ Կուտակման աճի պրոցեսը մեծացնում է բուրժուազիայի իշխանությունն ու հարստությունը, ուղեկցվում պրոլետարիատի դրության բացարձակ և հարաբերական վատթարացմամբ։ Այն պայմանավորում է բուրժուազիայի և պրոլետարիատի սոցիալ-տնտեսական անհավասարության ուժեղացումը, սրում կապիտալիզմի հակասությունները և կապիտալիստական կարգերի վերացումը դարձնում պատմականորեն անհրաժեշտ ու անխուսափելի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png