Կամավորների միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամավորների միջազգային օր (դեկտեմբերի 5), լրիվ անունը՝ Կամավորների միջազգային օր՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման ( ՄԱԿ-ի այլ լեզուներով։ անգլ.՝ International Volunteer Day (IVD) for Economic and Social Development, ռուս.՝ Международный день добровольцев во имя экономического и социального развития, ), հաստատվել է ՄԱԿ-ի կողմից և 1985 թ.-ից հանդիսանում է միջազգայնորեն հիշատակելի օր: Կամավորական կազմակերպություններին և կամավորներին հնարավորություններ է առաջարկում, որպեսզի նրանք տեսանելի դարձնեն տեղական, ազգային, միջազգային մակարդակներում կատարած իրենց ներդրումը:

Նախապատմությունը[խմբագրել]

Օրը հաստատվել է 1985 թվականի դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ[1] [2]: Այս որոշմամբ ՄԱԿ-ը ցանկանում է նպաստել Հազարամյակի զարգացման նպատակներին (MDGs) հասնելու համար կամավորների ներդրած ջանքերի ու նրանց գործունեության ճանաչելիությանը:

Բանաձևերը[խմբագրել]

1985 թ. դեկտեմբերի 17-ի 40/212 բանաձևով ԳԱ-ն կառավարություններին առաջարկում է ամեն տարի դեկտեմբերի 5-ը նշել որպես Կամավորների միջազգային օր՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման, ինչպես նաև կոչ է անում միջոցներ ձեռք առնել բարձրացնելու տեղեկացվածությունը կամավորների ծառայության, նրանց ներդրումների կարևորության մասին՝ այդպիսով շահագրգռելով ավելի շատ մարդկանց կյանքի բոլոր ոլորտներում իրենց կամավորական ծառայությունը առաջարկելու համար՝ ինչպես տանը, այնպես էլ արտերկրում:

1997 թ. նոյեմբերի 20-ի 52/17 բանաձևով ԳԱ-ն 2001 թ. հռչակում է Կամավորների միջազգային տարի՝ նպատակ ունենալով նպաստել կամավորների ճանաչելիությանը, նրանց գործունեության հեշտացմանը, ցանցերի ստեղծմանը և կամավորական ծառայության առավելության ընդունմանը:

2001 թ. դեկտեմբերի 5-ի 56/38 բանաձևով ԳԱ-ն ընդունում է մի շարք առաջարկներ (ռեկոմենդացիաներ)՝ ուղիների վերաբերյալ, որոնց օգնությամբ կառավարություններն ու ՄԱԿ-ի համակարգը կկարողանային աջակցել կամավորությանը, և խնդրում է լայնորեն տարածել այդ առաջարկները:

2008 թ. դեկտեմբերի 18-ի 63/153 բանաձևով ԳԱ-ն սահմանում է, որ մոտավորապես 2011 թ. դեկտեմբերի 5-ին Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի երկու լիագումար նիստ պետք է նվիրվեն Միջազգային տարվա արդյունքներին, հետագա գործունեությանն ու նրա տասներորդ հոբելյանը նշելուն:

Համագործակցություն և զարգացում[խմբագրել]

ՄԱԿ-ի մանդատն ու աջակցությունը, կայացրած որոշումը յուրահատուկ հնարավորություն են ստեղծում կամավորական կազմակերպությունների ու անհատների համար, ովքեր աշխատում են կառավարական հաստատությունների, ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական խմբերի, գիտական օղակների և մասնավոր սեկտորի հետ: Երկար տարիներ Կամավորների միջազգային օրը ունեցել է ռազմավարական նշանակություն. բազմաթիվ երկրներում ուշադրության են արժանացել կամավորների ջանքերը աղքատության, սովի, հիվանդությունների, անգրագիտության հաղթահարման ու շրջակա միջավայրի վատթարացման և անհանդուրժողականության դեմ պայքարում:

Դրական ձեռքբերումները հիմնականում արդյունք են ՄԱԿ-ի, կառավարությունների, կամավորական կազմակերպությունների ու նվիրյալների միջև համագործակցության: Դրա մաս են կազմում նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները, գիտական օղակները, հիմնադրամները, մասնավոր սեկտորը, կրոնական խմբերը, մարզական ու ժամանցային կազմակերպությունները:

Ամեն տարի հազարավոր կամավորներ մոբիլիզացնելուց բացի, ՄԱԿ-ը գործարկել է Կամավորների ծրագիր, որն աշխատում է գործընկերների ու կառավարությունների հետ սերտ համագործակցությամբ՝ կամավորների համար ազգային ծրագրեր, կառուցվածքներ ստեղծելու նպատակով, որոնք զգալի աջակցություն են կոնկրետ երկրների կամավորների համար:

Առցանց կամավորական ծառայության օգնությամբ, կամավորները կարող են մարդկային կայուն զարգացման նպատակով քայլեր ձեռնարկել՝ աջակցելով կազմակերպությունների գործունեության համացանցի միջոցով:

Օրվա հիշատակումը[խմբագրել]

Միջազգային այս օրը նշվում է մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, այդ թվում Կարմիր Խաչի, սկաուտների և այլոց: Այն բազմաթիվ կազմակերպությունների անդամների ու անհատների համար հանդիսանում է տոն: Օրը նշում և միջոցառումներին աջակցում են ՄԱԿ-ի կամավորները[3]:

Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հանդես է գալիս օրվա խորհրդին համապատասխան ուղերձով:

Այդ օրը հիմնական ուշադրությունը ոչ միայն կամավորության տոնումն է՝ իր տարբեր ասպեկտներով, այլ նաև տեղական, ազգային ու գլոբալ մակարդակներում փոփոխությունների տանող հասարակական մասնակցության համար առանձնահատուկ երախտագիտության արտահայտումը: Այդ օրը ընդգծվում է կամավորների ջանքերը, որով նրանք փորձում են մարդկանց ներգրավվել որոշումների կայացման մեջ՝ վերջնական արդյունքում, մասնակցային միջավայրի ստեղծմանը, ինչը բերում է ուժեղ կառավարման, հասարակական համախմբվածության, խաղաղության և կայուն զարգացման:

Թեմատիկան[խմբագրել]

Տարի Թեմա
2014 «Մարդկանց մասնակցությունը. կամավո՛ր, փոխիր աշխարհը դեպի լավը»
2013 «Երիտասարդ: Գլոբալ: Ակտիվ»
2012 «Տոնեք կամավորությունը»
2011 «Կամավորության էությունը. լուսավորեք աշխարհը»
2010 «Կիսվեք պատմությամբ. կամավորությունը հանուն ՀԶՆ-ին»
2009 «Կամավորություն հանուն մեր երկրագնդի»

Հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]