Կալիումական պարարտանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կալիումական պարարտանյութեր բույսերի կալիումական սննդառության համար օգտագործվող հանքային նյութեր։ Սովորաբար աղաթթու, ծծմբական թթու և ածխաթթու՝ ջուր լուծելի աղերն են։

Կալիումական պարարտանյութերի հիմնական աղբյուրը կալիումի աղերի բնական հանքաշերտերն են (կույտերը)։ Արդյունաբերությունը թողարկում է կալիումի քլորիդ, կալիումի բորակ, կալիումի սուլֆատ և այլն։ Կալիումական պարարտանյութերը ստորաբաժանվում են 2 հիմնական խմբի՝ հում կամ անմշակ կալիումի աղեր, որոնք ստացվում են բնական կալիումի աղերի մեխանիկական վերամշակմամբ (տեսակավորում, մանրացում, աղում), դրանցից են՝ սիլվինիտ, կաինիտը, կառնալիտը։ Մյուսը խտացրած կամ վերամշակված կալիումական պարարտանյութեր են՝ կալիումի քլորիդը, կալիումի սուլֆատը, 30 և 40%-անոց կալիումի աղերը (մանր աղացած բնական կաինիտի կամ սիլվինիտի և կալիումի քլորիդի խառնուրդը), ինչպես նաև պոտաշը, մոխիր և այլն։ Կալիումական պարարտանյութերը կիրառվում են առանձին ֆոսֆորական կամ՝ ազոտական և ֆոսֆորական պարարտանյութերի հետ։ կալիում դրականորեն է ազդում բերքի որակի վրա. արմատապտուղներում ավելանում է շաքարի պարունակությունը, կարտոֆիլի պալարներում՝ օսլան, թելատու կուլտուրաների մոտ՝ թելի ելը և որակը, կերաբույսերում՝ պրոտեինի պարունակությունը և այլն։ Կալիումական պարարտանյութերը բարձրացնում են բույսերի դիմադրողականությունը որոշ սնկային հիվանդությունների նկատմամբ, աշնանացան հացահատիկների, ընդավոր խոտաբույսերի, բազմամյա տնկարկների ցրտադիմացկունությունը և երաշտադիմացկունությունը։ Կալիումական պարարտանյութերի չափաքանակը կախված է հողային պայմաններից, պարարտացվող մշակաբույսերի ֆիզիոլոգիական և այլ առանձնահատկություններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 175