Կազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1808 թվականի գրքի կազմ

Կազմ, ձեռագրի կամ գրքի կողեր, որոնց մեջ ամփոփվում, ամրանում են մագաղաթյա կամ թղթյա թերթերը։ Կազմի նախնական ձևը տուփն էր, որի մեջ պահվում էին պապիրուսի գրված փաթեթները։ Մագաղաթի գործածությամբ փոխվեց ձեռագիրը պահելու կերպը, տուփը դարձավ կազմ։ Կազմը ունի երկու՝ վերի և վարի կողեր, կռնակ (կամ թիկունք) և դռնակ։ Կողերի միջուկը հարթեցված տախտակ է, որի վրա դրսից ձըգվում է մշակված կաշի, ներսից՝ որևէ գործվածք, որ կոչվում է կազմաստառ։ Որպեսզի կազմը չմաշի նոր ձեռագիրը, կազմի և ձեռագրի արանքում ամրացվել է պահպանակ՝ կազմի կաշին զարդարվում էր նկարներով (ճնշումով արված զարդեր), մետաղյա նախշերով, հատկապես՝ խաչերով ու թանկագին քարերով։

Կազմերը լինում էին նաև ձույլ ոսկուց, արծաթից և այլ մետաղներից՝ դրվագված տերունական պատկերներով, ինչպես և փղոսկրից։

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ընդհանրապես հայերեն ձեռագրերի կազմերից հնագույնը «էջմիածնի Ավետարանի» փղոսկրյա կազմն է (VI դար)։ Արծաթյա ոսկեզօծ հնագույն թվագրված կազմը 1255 թվականի է, իսկ կաշվե թվագրված հնագույն կազմը՝ 1196 թվականի։ ժամանակակից գրքերը կազմելիս կաշվի փոխարեն օգտագործում են թուղթ կամ մոմլաթ, տախտակի փոխարեն՝ խավաքարտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png