Կազիմիր Ֆայանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1938 թ. լուսանկար

Կազիմիր Ֆայանս (Kazimierz Fajans; մայիսի 27, 1887, Վարշավա, Լեհաստան - մայիսի 18, 1975, Էնն Արբոր, Միչիգան, ԱՄՆ), ծագումով լեհ, ամերիկյան ֆիզիկոս և քիմիկոս։

Ծնվել է Լեհաստանում, 1936 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ 1907 թվականին ավարտել է Լայպցիգի համալսարանը, կատարելագործվել Հայդելբերգի և Մանչեստրի համալսարաններում։ Դասավանդել է Կարլսրուեի բարձրագույն տեխնիկական դպրոցում (1911 - 1917), Մյունխենի (1917-1935), Միչիգանի (1936-57) համալսարանների պրոֆեսոր։ 1924 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ։

Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են ռադիոքիմիայի, լուծույթների տեսության և ադսորբման հարցերին։ Հայտնաբերել է մի շարք ռադիոակտիվ իզոտոպներ, ձևակերպել (Ֆրեդերիկ Սոդդիի հետ միաժամանակ) տեղաշարժման կանոնը և ռադիոակտիվ տարրերի համատեղ նստեցման՝ Ֆայանսի-Պանետի կանոնը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png