Ծննդաբերութուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, հղիությունն ավարտող ֆիզիոլոգիական բարդ պրոցես, որի դեպքում բնական ծննդաբերական ուղիներով անցնում և մայրական օրգանիզմից արտամղվում են պտուղը, ընկերքն ու պտղաթաղանթները։ Տարբերում են հասուն պտղով կամ բնականոն ծննդաբերություն, որը տեղի է ունենում հղիության 40-րդ շաբաթվա վերջում, և անհաս, բայց կենսունակ պտղով ծննդաբերություն (վաղաժամ), հղիության 29—39-րդ շաբաթվա ընթացքում։ Ծննդաբերության նախապատրաստմանը և իրականացմանը մասնակցում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերը, ներզատիչ գեղձերը, հորմոնները, պտոսլընկերք համակարգում գոյացող կենսբանական այլ ակտիվ նյութեր և արգանդի նյարդամկանային ապարատը։ Ծննդաբերության պրոցեսին մասնակցում են ծննդաբերական խողովակը, պտուղն իր հավելյալ մասերով, ծննդաբերական արտամղող ուժերը։ Ծննդաբերական խողովակը կազմված է փոքր կոնքի ոսկրերից ու փափուկ հյուսվածքներից (արգանդի պարանոց, հեշտոց, կոնքի հատակի մկաններ)։ Պտուղն արտամղվում է իր գլխային մասով, որը պտղի ամենամեծ և ամենակարծր մասն է։ Ծննդաբերական արտամղող ուժերը պայմանավորված են արգանդի մկանների կծկումներով (ծննդաբերական կծկանքներ), որոնք հետագայում փոխարինվում են ճիգերով։ Ծննդաբերության սկզբում կծկանքները կրկնվում են 10—15, հետագայում՝ 2—3 րոպեն մեկ անգամ։ Ծննդաբերություն ընթանում է 3 շրջանով, առաջին՝ պարանոցի բացման շրջան, >երկրորդ՝ պտղի արտամղման շրջան, երրորդ՝ ընկերքային շրջան։ Առաջին շրջանում արգանդի պարանոցն աստիճանաբար հարթվում է, ծննդաբերական խողովակը լայնանում, ուր տեղադրվում են պտղաձվի ստորին բևեռի թաղանթները՝ շուրջպտղային հեղուկի հետ միասին։ Լրիվ բացումից հետո պտղապարկը պատռվում է, և պտղաջրերն արտահոսում են։ Երբեմն պտղապարկը պատռվում է ավելի վաղ և դժվարացնում ծննդաբերության ընթացքը («չոր ծննդաբերություն*): Հազվադեպ պտղապարկն ուշ է պատռվում և անհրաժեշտ է անմիջապես միջամտել: Արտամղման շրջանում պտուղն սկսում է առաջ շարժվել ծննդաբերական խողովակով: Կծկանքներին միանում են արտամղող ուժերը՝ ճիգերը, որոնց ազդեցության տակ պտղի առաջադիր մասը հաղթահարում է ոսկրային կոնքի և փափուկ հյուսվածքների խոչընդոտը: Այս շրջանում, ծննդաբերական ուղիներով անցնելով, պտղի գլուխը կատարում է մի շարք շարժումներ, որոնցով կազմվում է «ծննդաբերության մեխանիզմը»։ Կոնքամուտքում պտղի գլխի նետաձև կարանը համընկնում է կոնքի միջաձիգ չափին, այնուհետև կատարում է խոնարհում և կզակը մոտեցնում կրծքավանդակին։ Կոնքի խոռոչոււք գլուխը կատարում է պտտական շարժում՝ աստիճանաբար ծոծրակային մասը առաջ մղելով։ Հետագա ճիգերի ժամանակ գլուխն սկսում է երևալ սեռական ճեղքից («դրսևորվել»)։ Ծոծրակային մասը ցայլքի տակ ֆիքսվելուց հետո գլուխըն սկսում է կատարել ապախոնարհում, այնուհետև երևում է ճակատը և ամբողջ դեմքը։ Գլուխը ծնվելուց անմիջապես հետո ծնվում են ուսերը և պտղի մարմինը։ Պտուղը ծնվելուց հետո սկսվում է ընկերքային շրջանը, արգանդի մկանունքի կծկման շնորհիվ ընկերքն անջատվում է արգանդի պատից, արգանդ-ընկերքային անոթները պատռվում են, ընկերքի և արգանդի պատի միջև առաջանում է ետընկերքային արյունակույտ, որն իր հերթին նպաստում է ընկերքի հետագա պոկվելուն և լրիվ պոկվելուց հետո իջնում է պարանոց ու հեշտոց, ճիգերի շնորհիվ՝ արտամղվում։ Առաջնածինների մոտ ծննդաբերության ընդհանուր տևողությունը 15—24 ժ է, կրկնածիններինը՝ 10—12 ժ։ Ընկերքը ծնվելուց հետո սկսվում է ետծննդյան շրջանը։ Ն. Հովսեփյան