Ծանրության ուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծանրության ուժ, Երկրի մակերևույթին մոտ գտնվող նյութական մասնիկի վրա ազդող Երկրի ձգողության ուժի և Երկրի հետ կապված հաշվարկման համակարգի նկատմամբ այդ մասնիկի իներցիայի կենտրոնախույս ուժի համազորը։ Իներցիայի կենտրոնախույս ուժի ազդեցությունն աննշան է։ Ծանրության ուժի ուղղությամբ որոշվում է տվյալ վայրի ուղղաձիգը։ Երկրի մակերևույթի փոքր տիրույթներում (Երկրի շառավղի համեմատությամբ) ծանրության ուժերը կարելի է համարել միմյանց զուգահեռ, իսկ ծանրության ուժի g արագացումը (ազատ անկման արագացում)՝ հաստատուն։ Այդ դեպքում ծանրության ուժերը որոշվում են mg արտադրյալով, որտեղ m-ը ձգվող մասնիկի զանգվածն է, և կազմում են համասեռ ուժային դաշտ։ Ծանրության ուժն էական ազդեցություն ունի Երկրի վրա ընթացող թե՛ բնական, թե՛ տեխնիկական բոլոր երևույթների և գործընթացների վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png