Ծաղկակերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղկակերներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Կարծրաթևավորներ
Վերնաընտանիք Քարաբզեզներ
Ընտանիք Թերթաբեղիկավորներ
Ենթաընտանիք Հացի բզեզ և մայիսյան բզեզ
Տրիբա Anomalini
Ցեղ Ծաղկակերներ
Լատիներեն անվանում
Anomala Samouelle, 1819
Տեսակներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 187487
NCBI 71817

Ծաղկակերներ (լատ.՝ Anomala), վնասատու միջատներ, որոնք սնվում են գյուղատնտեսական բույսերի ծաղկակոկոններով, ծաղիկներով կամ դրանց առանձին մասերով։ Հայտնի ծաղկակերներից առավել վնասակար են խնձորենու, տանձենու և մորենու ծաղկակերները։

Խնձորենու ծաղկակերներ[խմբագրել]

Խնձորենու ծաղկակերները երկարակնճիթների ընտանիքի բզեզներ են։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Մուգ մոխրագույն են, ունեն 3, 5-4, 5 մմ երկարություն։ Ձմեռում են թափված տերևների տակ, հողում, ծառի բնի ճեղքերում։ Գարնանը՝ բողբոջների բացման շրջանում, բնի վրայով բարձրանում են դեպի սաղարթը և սնվում բողբոջներով։ Յուրաքանչյուր կոկոնի մեջ դնում են մեկական ձու։ Մի քանի օր անց դուրս է գալիս թրթուրը, որը սնվում է ծաղկի առէջներով, վարսանդով և իր մածուցիկ արտաթորանքով պսակաթերթիկները կպցնում միմյանց, որի հետևանքով ծաղկակոկոնները չեն բացվում, գորշանում և չորանում են։ Կարճ ժամանակ անց (մոտ 3 շաբաթ) վարակված կոկոնի մեջ հարսնյակավորվում է թրթուրը և 9-11 օրում դառնում բզեզ, ապա դուրս է գալիս կոկոնից և որոշ ժամանակ սնվում տերևներով, կանաչ պտուղներով։ Ամռանը՝ բարձր ջերմաստիճանի տակ, քուն է մտնում մինչև հաջորդ գարուն։ Զարգացման ցիկլը տևում է մեկ տարի։ Նույն ձևով է ընթանում նաև տանձենու ծաղկակերների զարգացման ցիկլը։

Պայքարի միջոցները[խմբագրել]

Պետք է կատարել միջշարային տարածությունների աշնանավար, ջրել, ծառերի բները մաքրել կիսապոկված կեղևներից, սպիտակեցնել կրակաթով, գարնանը, բողբոջների բացման շրջանում, ծառերը թափ տալ հատուկ պոլիէթիլենային սավանների վրա և բզեզները ոչնչացնել, բողբոջների ուռելու փուլում ծառերը սրսկել 80%-անոց տեխնիկական քլորոֆոսի 0, 2%-անոց էմուլսիայով, կիրառել կոնտակտ փոշիներ։

Մորենու ծաղկակերներ[խմբագրել]

Մորենու ծաղկակերները տարածված են ամենուրեք։ Վնասում են մորենուն, ելակին, երբեմն՝ մոշին։ Բզեզը սև է՝ ծածկված գորշագույն մազիկներով, մարմնի երկարությունը՝ 2-3 մմ։ Զարգացման ցիկլը գրեթե նույնն է, ինչ խնձորենու կամ տանձենու ծաղկակերներինը։

Պայքարի միջոցները[խմբագրել]

Դաշտը և այգին մաքրել թափված տերևների, ճյուղերի և այլ մնացորդներից։ Գարնանը, մորենու և ելակի աճման սկզբին, սրսկել 80%-անոց տեխնիկական քլորոֆոսի 0, 2%-անոց էմուլսիա։

Մյուս բույսերի (բալենու, կաղամբի և այլն) ծաղկակերներն իրենց զարգացման, բազմացման առանձնահատկություններով ու վնասակարությամբ գրեթե նման են նշվածներին։

Պատկերասրահ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png