Ծակոտաժապավեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հինգ և ութ անցքով դակված թղթե ժապավեն

Ծակոտաժապավեն, թղթից, ցելյուլոիդից կամ պոլիէթիլենտերեֆտալատից (լավսան) պատրաստված ժապավեն, որի վրա ինֆորմացիան գրառվում է անցքեր ծակոտելու միջոցով։

Առավել տարածված են ամուր թղթից պատրաստված 17.5, 20.5, 22.5, 25.4 մմ լայնություն և 0.1 մմ հաստություն ունեցող ծակոտաժապավենները։ Ծակոտաժապավենների լայնությունը և հաստությունը, անցքերի ձևն ու դասավորությունը, սովորաբար, որոշվում են ծակոտաժապավենների նյութի տեսակով և ծակատիչի կառուցվածքով։ Ծակոտաժապավեններն ունեն ինֆորմացիայի գրառման 5-8 երիզ և մեկ (սովորաբար, մեջտեղում) տեղաշարժման շերտ՝ անընդհատ և առավել մանր անցքերով։ Ծակոտաժապավենի վրա ինֆորմացիան գրառվում է մեխանիկական կամ էլեկտրամեխանիկական ծակատիչով՝ վայրկյանում մինչև 300 տող արագությամբ։ Ինֆորմացիայի վերարտադրումը կատարվում է էլեկտրամեխանիկական տրանսմիտերի կամ ֆոտոէլեմենտների միջոցով՝ վայրկյանում մինչև 3000 տող արագությամբ։ Ծակոտաժապավենները ծակոտաքարտերին զիջում են ամրությամբ, սակայն ծակոտաժապավենով աշխատող սարքերը սովորաբար ավելի պարզ են և արագագործ։ Ծակոտաժապավեններն օգտագործվում են ԷՀՄ-ներում (ինֆորմացիայի մուտքի և ելքի համար), արագագործ հեռագրական ապարատներում, ավտոմատ գրամեքենաներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png